Արմինֆո. Ապրիլի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում երրորդ ընթերցմամբ չի ընդունվել «Հրազդան-ցեմենտ՚ փակ-բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին՚ օրենքի նախագիծը: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է ընդամենը 53 պատգամավոր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկը կառավարությանը ներկայացրել է «Հրազդան-ցեմենտ՚ ընկերության առողջացման ծրագիր, որի շրջանակներում նախատեսված է ցեմենտի արտադրության ծավալները հասցնել տարեկան մինչև
200 հազար տոննայի՝ 2014 թ. 23,3 հազար տոննայի և 2015 թ. 75 հազար տոննայի փոխարեն: Կստեղծվեն նաև լրացուցիչ աշխատատեղեր: Ներկայացված հաշվարկների համաձայն, պետական բյուջե կուղղվի ավելի քան 700 մլն դրամ: Օրենքի չընդունման դեպքում ձեռնարկության հիմնական ակտիվները, որոնք գրավադրված են ՎՏԲ-Հայաստան Բանկում, կիրացվեն աճուրդային վաճառքների ճանապարհով, որոնց դիմաց պետբյուջե կմտնի 0դրամ: Մինչդեռ, ներկայացված սխեմայի համաձայն, արտադրության աճից և աշխատատեղերի ավելացումից բացի, նախատեսված է պետական գանձարան հարկային մուտքերի զգալի ավելացում:
Նախարարը նշել է, որ «Հրազդան-ցեմենտ՚ գործարանը զգալի հարկային պարտքեր է կուտակել, ինչը հանգեցրել է սնանկացման: Ելնելով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար ձեռնարկության նշանակությունից, 470 աշխատատեղ պահպանելու կարևորությունից՝ դեռ մեկ տարի առաջ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավվել են շահագրգիռ բոլոր կողմերը: Արդյունքում ստեղծվել էր օրենքի նախագիծ, որի համաձայն՝ փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերը՝ 504,9 մլն դրամի չափով, բացառությամբ պարտքի հիմնական գումարի, դուրս են գրվում: Պարտքի ամբողջ գումարը կազմում է 935 մլն դրամ, այդ թվում 5.2 մլն դրամ բնապահպանաման վճարները:
Սակայն, ինչպես նշել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ձեռնարկությունը կարող է վաճառվել՝ առանց տույժերից ազատելու: ՙԱյս օրինագիծը խայտառակություն է: Տույժերը պետք է վճարի Միքայել Բաղդասարովը /ՙՀրազդան-ցեմենտ՚-ի նախկին սեփականատեր/՚,- հայտարարել է նա: Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է գտնել Բաղդասարովին և պատասխանատվության ենթարկել:
Նշենք, որ «Հրազդան ցեմենտե ընկերությունը (նախկինում` «Միկա ցեմենտե, ստեղծվել է «Հրազդանի ցեմենտի գործարանիե հիման վրա, որը շահագործման է հանձնվել 1970թ.–ին` որպես «Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատիե կառուցվածքային ստորաբաժանում։ Այն 1977 թ.–ին վերածվել էր «Հրազդանի ցեմենտի գործարանիե։ Ձեռնարկության արտադրությունն օգտագործվում էր Հայաստանում շինարարության` կարևոր նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում և մեծ քանակությամբ արտահանվում էր Անդրկովկասի հանրապետություններ և Ռուսաստան։ 90–ականների գործարանը գրեթե չէր աշխատում։ 2001թ.–ին այն սեփականաշնորհեց MIKA Armenia ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։ Նույն տարում գործարանը վերանվանվեց և կոչվեց «Միկա–Ցեմենտե ՓԲԸ։ Ավելի ուշ գործարանը պարտքերի դիմաց փոխանցվել էր ՎՏԲ–Հայաստան բանկին։ Ցեմենտի գործարանը 2014թ.–ի հուլիսին վերսկսեց իր աշխատանքը` ՎՏԲ–Հայաստան բանկից ստացած վարկի շնորհիվ։ Գործարանում արտադրվում է պորտլանդցեմենտի մոտ 10 տեսակ։ Ձեռնարկությունը գտնվում է Հրազդան քաղաքում 540 հազար քառակուսի մետր մակերեսի վրա։ Գործարանն ունի երկու տեխնոլոգիական հոսքագիծ`տարեկան 1,2 մլն տոննա ցեմենտի և 1 մլն տոննա ցեմենտի կիսապատրաստուկի արտադրության նախագծային հզորությամբ։