Արմինֆո. 2016 թվականը ռեկորդային է այն առումով, թե որքան փող կվճարվի Հայաստանի զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում:
Դիվանագետի ասելով, քննարկվում են նոր նախագծեր, նոր խոշոր համաձայնագրերի շուրջ բանակցություններ են վարվում Հայաստանի կառավարության հետ: «Այժմ մենք քննարկում ենք աշխատանքային շուկայի բարեփոխմանը, գյուղատնտեսության ոլորտի կադրերի պատրաստմանն առնչվող հարցեր, բանակցություններ ենք վարում հանրային ֆինանսների բարեփոխմանն աջակցելու շուրջ, մենք մտածում են մեծ ոռոգման համակարգի ստեղծմանն առնչվող նախագծերի շուրջ, նաև ցանկանում ենք մասնակցել վարչական բարեփոխմանը, իրագործել ոչ կառավաական կազմակերպությունների աջակցությանն ուղղված մեծ նախագծեր, արդարադատության ոլորտի էլեկտրոնային կառավարման ներդրմանն առնչվող նախագծեր: Ինչպես գիտեք, մենք նաև աջակցում ենք փոքր և միջին ձեռներեցության զարգացմանը, այդ ուղղությամբ ԵՄ նախատեսում է 1 մլն եվրո ներդնել ընթացիկ տարում: Կան շրջակա միջավայրի պահպանությանը, ջրի մաքրմանը, թափոնների վերացմանն առնչվող խոշոր նախագծեր», - նշել է նա:
Նրա ասելով, համագործակցության դիապազոնը մեծ է, սակայն այս տարի նաև պետք է կողմնորոշվել 2017-2020թթ. համագործակցության միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարի առնչությամբ: Սվիտալկսին նշել է, որ Եվրամիության համար դա կարևոր խնդիր է, քանի որ Հայաստանին տրամադրվող աջակցության ողջ ծրագիրը հիմնված է երկարաժամկետ հեռանկարի վրա:
«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի մինչև տարեվերջ կառավարության հետ համաձայնեցնել համագործակցության այդ ծրագիրը: Մենք նաև դիմել ենք Հայաստանի կառավարությանը խոշոր ենթակառուցվածքային գերակայությունները համատեղ քննարկելու համար, մասնավորապես` էներգետիկայի, տրանսպորտի, հաղորդակցության ոլորտներում: ԵՄ համար կարևոր է գիտենալ այդ խոշոր բնագավառներում համագործակցության վերաբերյալ կառավարության տեսլականը, թե որքանով դրանք առաջնային են հայկական կողմի համար, քանի որ դրանք պահանջում են մեծ կապիտալ և նախատեսված են երկարաժամկետ հեռանկարի համար», - նշել է դիվանագետը: Եվ այդ համատեքստում նա նշել է, որ 2016 թվականը ռեկորդային է Եվրամիության կողմից Հայաստանին ֆինանսականն օգնության առումով, քանի որ, սովորաբար, այդ գումարը կազմում է շուրջ 50 մլն եվրո, իսկ այս տարի այն կկրկնապատկվի:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի և ԵՄ միջև ընթանում է երկու ինքնավար գործընթաց, մասնավորապես, բանակցություններ համապարփակ համաձայնագրի շուրջ, որի կնքումը լավ իրավաբանական հիմք կստեղծի համագործակցության համար, և երկրորդը` այսպես կոչված, գործընկերության գերակայությունների որոշումը, որոնք բխում են հարևանության քաղաքականության նոր հայեցակրագից:
«Այդ երկխոսությունը կսկսվի փոքր-ինչ ուշ, ամենայն հավանականությամբ, առաջին քննարկումները կսկսվեն ամռան սկզբին և թույլ կտան որոշել զարգացման բնագավառում համագործակցության հեռանկարները: Կան նաև այլ պահեր` քաղաքական: Սակայն Հայաստան-Եվրամիություն համապարփակ համաձայնագիրը միջազգային-իրավական ասպեկտ ունի, իսկ գործընկերության գերակայությունը քաղաքական ասպեկտն է, որն առնչվում է զարգացման համար տնտեսական աջակցության տրամադրմանը», - ամփոփել է դիվանագետը: