Արմինֆո. Ուկրաինան Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին` Հայաստանին, Ղազախստանին, Ղրղըզստանին և ՌԴ-ին մեղադրել է հակադեմփինգային, հակասուբսիդիար և հատուկ պաշտպանական հետաքննությունների ընթացքում Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնները և նորմերը խախտելու մեջ` պահանջելով դադարեցնել ՙարատավոր պրակտիկան՚:
Ինչպես նշվում է Տնտեսական զարգացման և առևտրի նախարարության հաղորդագրության մեջ, ԵՏՄ երկրների կողմից հետաքննությունների անցկացման ընթացքում ԱՀԿ նորմերի խախտման հարցերին ուկրաինական պատվիրակությունն առավելագույն ուշադրություն է հատկացրել ԱՀԿ հակադեմփինգային կոմիտեի՝ ապրիլի 25-28-ը Ժնևում կայացած նիստի ժամանակ, հայտնում է ՙՌոսբալթը՚:
«Իր հայտարարության մեջ Ուկրաինան ԱՀԿ անդամ երկրների ուշադրությունը հրավիրել է ԵՏՄ կողմից հակադեմփինգային հետաքննությունների անցկացման ընթացքում ԱՀԿ նորմերի սիստեմատիկ խախտման վրա, ինչը հանգեցնում է հինգ երկրի շուկաներում (նաև Բելառուսի, որը ԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի) ուկրաինական արտադրանքի հասանելիության նկատմամբ իրավաբանորեն և տնտեսական առումով անհիմն սահմանափակումների կիրառման: Ուկրաինական պատվիրակությունը տեղեկացրել է, որ ԵՏՄ տարածք Ուկրաինայից ճաղերի, ֆերոսիլիկոմանգանի և պողպատյա խողովակների ներմուծման նկատմամբ հակադեմփինգային հետազոտություններն անցկացվել են ԱՀԿ համաձայնագրի հոդված 2 (դեմպինգի սահմանում), 3 (վնասի սահմանում) և 5 (հետաքննություն սկսելու և անցկացնելու ընթացակարգ) մի շարք դրույթների խախտմամբ՚,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ որում, նշվում է, որ նիստի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը հակադեմփինգային միջոցներ կիրառելու վերաբերյալ ԵՏՄ որոշումը չեղյալ հայտարարելու, առանց սահմանափակումներ մտցնելու ֆերոսիլիկոմանգանի նկատմամբ հետաքննությունը դադարեցնելու, պողպատյա խողովակների նկատմամբ հակադեմփինգային միջոցների վերանայումը դադարեցնելու՝ առանց դրանց գործողությունը երկարաձգելու, պահանջ է ներկայացրել Հայաստանին, Ղազախստանին, Ղրղըզստանին և ՌԴ-ին: Նիստի ընթացքում ԵՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները բացատրություններ չեն ներկայացրել Ուկրաինայի բարձրացրած հարցերի առնչությանբ՝ նշելով, որ մոտ ժամանակներս գրավոր պատասխաններ կներկայացնեն: