Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Լոնդոնում (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի 25-րդ հոբելյանական ամենամյա նիստին մասնակցելու նպատակով:
Այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել, մասնավորապես՝ Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի նախագահ պարոն Սումա Չակրաբարտիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:
Ամենամյա ժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետն ստորագրել է ՙԳյումրու քաղաքային ճանապարհներ՚վարկային համաձայնագիրը 14.6 մլն եվրո արժողությամբ և ՙԳյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Ա՚դրամաշնորհի համաձայնագիրը 2.56 մլն եվրո արժողությամբ, որոնց միջոցով նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման և քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ: