Արմինֆո.ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,
Այցելության սկզբում նախարարը եղել է «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում 2012 թվականին հիմնված ծիրանի կոլեկցիոն այգում, ուր պահպանվում են հայկական ծիրանենու 82 գենետիկ սորտեր:
«Այս այգին հիմնվել է ծիրանենու տեղական ռեսուրսների պահպանման, մշակության զարգացման և մեր սերունդներին փոխանցելու նպատակով։ Միաժամանակ սելեկցիայի արդյունքում անհրաժեշտ է ստանալ նոր ցրտադիմացկուն և ուշահաս սորտեր։», - նշել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը նաև հավելել է, որ ներկրվել են եվրոպական լավագույն սորտեր և նախատեսվում է ստեղծել տնկարանային տնտեսություն` հետագայում պատվաստումներ կատարելու և լավագույն սորտերը գյուղացիական տնտեսություններին վաճառելու համար:
Տեղեկացնելով, որ այս տարի կենտրոնում հիմնվել է նաև խաղողի կոլեկցիոն այգի, որտեղ մշակվելու են տեղական սեղանի և տեխնիկական սորտեր, նախարարը նշել է, որ Հայաստանում գոյություն ունի տեղական խաղողի ավելի քան 600 սորտ, որոնց միայն մի մասն է դեռ ներկայացված այգում. հավաքագրման գործընթացը շարունակվում է: Արտասահմանից ներկրված խաղողի տնկիների միջոցով այստեղ հիմնվելու է նաև ֆիլոքսերազերծ տնկարանային տնտեսություն:
Ծանոթանալով կենտրոնի ընթացիկ աշխատանքներին` նախարարը տվել է հանձնարարականներ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1 տրլն. դրամ, տարեկան աճը`11,7%, որի
606,2 մլրդ դրամը կազմում է բուսաբուծությունը(տարեկան աճը`15,2%): Ըստ Մաքսային ծառայության զեկույցի, 2015-ին Հայաստանում ծիրանի արտահանումն ավելացել է 4 անգամ, իսկ իրացման ծավալը կազմել է 23,5 հազար տոննա (2014-ին` 5,8 հազ. տոննա), մաքսային արժեքը կազմել է $ 8,6 մլն, տարեկան աճը`24%: Բացի այդ, խաղողի արտահանումը կրճատվել է 16,8%, մինչև 6.5 հազար տոննա (2014-ին` 7.8 հազար տոննա), իսկ հասույթը նվազել է 67%, մինչև $ 2,2 մլն., 2014-ի $ 6.7 մլն-ի փոխարեն: