Արմինֆո.ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները` 2016 թվականի աճը կկազմի 3.2%, նախկին` 2.2 փոխարեն, իսկ 2017-ին այն կկազմի 3.5-4.5%: Այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, երկրի խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նա նշել է, որ 2016 թվականի առաջին կեսին երկրում կպահպանվի թույլ դեֆլյացիոն միջավայրը, քանի որ երկրի ներսում ինֆլյացիոն ոչ մի ճնշում դրսից չի դիտվի: Հաշվի առնելով ակցիզների որոշակի բարձրացումը, ԿԲ տարվա կեսին սպասում է ոչ մեծ ինֆլյացիա` 0.3%, իսկ տարեվերջին գների աճը կարող է գտնվել նախատեսված տիրույթում` 4%(+/-1.5%): Ցածր ինֆլյացիայի պատճառը թաքնված է գյուղատնտեսության ոլորտի բարենպաստ կանխատեսման, ներմուծվող պարենի, հումքի և մյուս ապրանքների ցածր գների մեջ: Ըստ Ջավադյանի, ցածր գների փուլը, անկասկած, կլինի ժամանակավոր, բայց տնտեսական ակտիվությանն օժանդակելու համար ԿԲ հետագայում էլ կվարի մեղմ դրամավարկային քաղաքականոթյուն: «Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակը բարենպաստ է անդրադառնում տնտեսական աճի վրա, քանի որ ցածր գնաճը պահպանում է բնակչության գնողունակության մակարդակը, որը շատ է ընկել մասնավոր տրանսֆերտների անկման հետևանքով: Այս գործոնները նպաստում են նաև ձեռնարկությունների ծախսերի նվազմանը և օգնում վերականգնել նրանց մրցունակությունը, ինչը խաթարվել էր ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով: Ցածր գների պահպանման ևս մեկ գործոն է նաև ինֆլյացիոն վախի հաղթահարումը և բնակչության ակնկալիքները 2014-ին տեղի ունեցած դեվալվացիոն ցատկերից հետո»,-ընդգծել է Ջավադյանը:
Այնուամենայնիվ, Ջավադյանը ռիսկերը գնահատել է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ հեռանկարում, որոնք կապված են դոլարի ամրապնդման հնարավորության և զարգացող երկրներում արտարժույթի կտրուկ տատանումների հետ: Նա չի բացառել նաև ռիսկերի հայտնվելը երկրի ներսում, կապված ներքին պահանջարկի վերականգնման, գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակի, ինչպես նաև ներքին ներդրումների վերականգնվող տրենդի հետ, հավաստելով, որ ՀՀ ԿԲ ուշադիր կհետևի իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի համապատասխան միջոցներ: