Արմինֆո. Ձկնաբուծական տնտեսություններն ահազանգում են. Հայաստանում ձկնաբուծության ոլորտը ոչնչացման վտանգի տակ է հայտնվել, մինչդեռ Գյուղատնտեսության նախարարությունը զբաղվում է ապատեղեկատվության տարածմամբ՝ աջակցելով ձկնաբուծության ոլորտի մենաշնորհացմանը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության ղեկավար Արթուր Աթոյանը և ձկնաբույծ Հայկազ Զեյնալյան:
Արթուր Աթոյանի խոսքով, միայն վերջին 5 օրում փակվել է 3 ձկնաբուծական տնտեսություն: ՙ2014-2015 թթ. փակվել է 77 ընկերուրթյուն, շուրջ 30-ը փակվել է 2016 թ. 5 ամսում՚,- հայտնել է Աթոյանը: Ըստ նրա հաշվարկների՝ Հայաստանում այս պահին գործում է շուրջ 70-80 ձկնաբուծական տնտեսություն: Միաժամանակ դրանց ապագան էլ վտանգի տակ է: ՙՀայկական ձկնարտադրանքի արտահանման ծավալների կտրուկ կրճատումը, ինչը պայմանավորված է ձկան ինքնարժեքի աճով և, որպես հետևանք, դրա արտահանման անշահութաբերությամբ, լիակատար ոչնչացման վտանգի տակ է դրել Հայաստանի ձկնաբուծության ոլորտը՚,- հայտարարել է Աթոյանը:
Նրա խոսքով, հայկական ձկնարտադրանքի արտահանման ծավալների 70% կրճատման և ձկան կերերի ներմուծման ծավալների 60% կրճատման, ինչպես նաև ձկնային տնտեսությունների փակման պայմաններում Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է արտահանման ծավալների ավելացման մասին: ՙԳյուղատնտեսության նախարարությունն զբաղվում է ապատեղեկատվության տարածմամբ, քանի որ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը՚,- հայտարարել է Աթոյանը՝ ընդգծելով, որ ոլորտի կառավարման նման ոճով Գյուղատնտեսության նախարարությունն աջակցում է մենաշնորհացման գործընթացին:
Արթուր Աթոյանը տեղեկացրել է, որ Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միությունը բազմիցս նամակով դիմել է լիազոր մարմիններին, սակայն պատասխան չի ստացել: ՙԳյուղատնտեսության նախարարություն է ուղարկվել 18 նամակ, և դրանցից ոչ մեկը պատասխան չի ստացել: Բանավոր դիմելու դեպքում այնտեղ վկայակոչում են մեր հարցումների չհիմնավորվածությունը՚,- հայտարարել է միության ղեկավարը:
Ինչպես նշել է ձկնաբույծ Հայկազ Զեյնալյանը, ձկան արտահանումն այսուհետ շահութաբեր բիզնես չէ. ձկան ինքնարժեքը մշտապես աճում է՝ ներմուծվող կերերի և ջրի գների թանկացման հետևանքով: Ընկերությունների համար գլխացավանք է նաև պետության կողմից դոտացիաների և արտոնյալ վարկավորման բացակայությունը: ՙԱյս ամենը վկայում է շուկայի ակտիվ մենաշնորհացման մասին՚,- հայտարարել է Զեյնալյանը:
Մինչդեռ Գյուղատնտեսության նախարարությունում համաձայն չեն հնչեցված հայտարարություններին: Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանն ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է, որ սովորաբար չեն մեկնաբանում ոլորտից անիրազեկ անձանց հայտարարությունները, սակայն նշել է, որ տվյալներ հրապարակելիս Գյուղատնտեսության նախարարությունը հիմնվում է իրավասու աղբյուրներից ստացված համալիր տեղեկատվության վրա: ՙԱյսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 198 ձկնաբուծական տնտեսություն՚,- նշել է Ալեքսանյանը: Ըստ որում, նրա խոսքով, ձկնաբուծական տնտեսությունների զանգվածային փակում չի դիտվում, և այս տարի փակվել է շուրջ 15- 19 տնտեսություն: Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ոլորտի մենաշնորհացման մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ զգալիորեն պարզեցվել են ձկնարտադրանքի արտահանման թույլտվություն ստանալու ընթացակարգերը, ինչի արդյունքում միայն 2016 թ. հունվար-ապրիլին, անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արտահանումն ավելացել է 95 տոննայով:
Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ձկնորսության համախառն արտադրանքը 2015 թ. ավելացել է 6,4%-ով՝ կազմելով, 27,8 մլրդ դրամ: 2014 թ. Հայաստանից արտահանվել է 2,7 հազար տոննա ձուկ՝ 2011թ. 1,6 հազար տոննայի փոխարեն: Հայաստանից հիմնականում ձուկ արտահանվում է Ռուսաստան, ոչ հաճախ՝ Վրաստան, ԱՄԷ, ԱՄՆ: