Արմինֆո. Հեռահաղորդակցության ոլորտի ապագան միասնական ծառայույթունների մատուցման մեջ է, մայիսի 25-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հայտարարել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Նրա խոսքով, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը գտնվում է բավականին բարձր մակարդակում: «Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում գործում են մի քանի լուրջ ընկերություններ, հանրապետության ողջ տարածքում ունենալով շարժական և ֆիքսված, ինչպես նաև օպտիկա-մանրաթելային ցանցի բավականին բարձր ծածկույթ: Այսօր մեր հզորությունները ոչնչով չեն զիջում եվրոպականին – Երևանն առաջին մայրաքաղաքն է աշխարհում, որն ամբողջովին ծածկված է օպտիկա-մանրաթելային կապով»,-նշել է նա:
Հ.Եսայանը համոզված է, որ ներկայիս տրենդրները կապի օպերատորներից պահանջում են անհապաղ արձագանք: Փորձը ցույց է տալիս, որ երկրի ՀՆԱ 4%-ն ուղղվում է հեռահաղորդակցության ոլորտին, նշել է նա: «Ոլորտի ապագան միասնական ծառայությունների մատուցման մեջ է – ծառայությունների ու սերվիսների համալիրի, որն իր մեջ համակցում է շարժական և ֆիքսված կապերի հնարավորությունները`բաժանորդի միասնական պրոֆիլի հիման վրա»,-հայտարարել է Հ.Եսայանը: Նրա խոսքով, այն ձեռնարկությունները, որոնք առաջիկա 3-5 տարիներին չեն կարողանա վերափոխվել և աշխատել ավելի ինովացիոն լուծումների հիման վրա, և որոնք կշարունակեն կապի «ավանդական վաճառքը», պարզապես, կլքեն հեռահաղորդակցության շուկան: Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կապագան նա տեսնում է նաև կապի օպերատոր-ընկերությունների և հավելվածներ վաճառող-ընկերությունների միավորման մեջ:
Ուսանողների հետ զրույցում Հ.Եսայանը տեղեկացրել է, որ շուտով նախատեսվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Ընկերության միջև համագործակցության պայմանագրի կնքումը: «Ներկայումս մենք ունենք բարձրորակ մասնագետների պակաս, հետևաբար, պայմանագրի շրջանակներում կստեղծվի Ucom-ի լսարան՝ վերազինված անհրաժեշտ սարքավորումներով, կկազմակերպվի ուսանողների այց Ucom -ի տվյալների կենտրոն, ինչպես նաև համալսարանաի ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկ աշխատանքներն անցկացնել Ucom ընկերությունում, իսկ լավագույները այնուհետ կանցնեն աշխատանքի»,-հավաստել է նա:
Հիշեցնենք, որ հայկական «Յուքոմ» ընկերությունը(Universal Communications) հիմվել է 2007 թվականին: «Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: 2016 թվականին «Յուքոմ» ընկերությունը ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և այժմ հանդիսանում է նաև բջջային օպերատոր: