Արմինֆո. Մայիսի 31-ին կբացվի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Արտաշատ-Աշտարակ հատվածը: Այս մասին մայիսի 30-ին ՀՀ խորհրդարանում կայացած բյուջետային լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Արթուր Առաքելյանը:
Նրա խոսքով, չնայած բացումը տեղի կունենա մայիսի 31-ին, բայց Երևան-Աշտարակ հատվածում երթևեկությունն ամբողջովին կբացվի հունիսի վերջին, իսկ Երևան-Արտաշատ հատվածում – ավելի ուշ:
Փոխնախարարը հավելել է նաև, ՀԲ ծրագրի շրջանակներում տնտեսվել է 1 մլրդ.դրամ, ինչի հաշվին կվերանորոգվի 38 կմ ճանապարհ: «Ծրագրի արժեքը կազմում է 50 մլն.դոլար, որտեղ 40 մլն.դոլար կազմում է ՀԲ վարկը,իսկ 10 մլն.դոլարը` ՀՀ կառավարության համաֆինանսավորումը: 2015 թվականին այդ միջոցներով նախատեսվում էր վերանորոգել 97 կմ ճանապարհ, 13.5 մլրդ.դրամով, բայց, տնտեսման արդյունքում, այդ նույն միջոցներով վերանորոգվել է 38 կմ և ավելի»,-նշել է նա, հավելելով, որ 2015 թվականին կառուցվել և վերանորոգվել է մոտ 170 կմ ճանապարհ:
Նշենք, որ 2010 թվականի հունվարի 10-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությանը, ինչպես նաև Հայաստանի և Ասիական Զարգացման բանկի միջև շրջանակային`500 մլն.դոլարի ֆինանսավորման համաձայնագրին: Երևանում հայտարարում են, որ ծրագիրը Հայաստանին հնարավորություն կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման հետևանքները, ինչպես նաև տարածաշրջանի բեռնափոխադրումների ոլորտում խաղալ ակտիվ միջանցիկ պետության դեր, միաժամանակ միանալով Սևծովյան շրջանային ավտոմայրուղուն:
Հիշեցնենք, որ 2015 թվականի վերջին 31 կմ երկարությամբ Աշտարակ-Արտաշատ հատվածում բացվեց երկկողմ երթևեկություն, որին զուգահեռ սկսվեց թեստավորման ռեժիմը: Այն ավարտվեց 2016 թվականի փետրվարին: Թեստավորման արդյունքում անհրաժեշտություն առաջացավ փոխարինել դրենաշային կարերի հիդրոմեկուսացնող ռետինը, ինչպես նաև վերանորոգել բետոնե շերտի վրայի մի քանի ճեղքեր, ինչը կառուցապատողները կատարեցին սեփական միջոցներով: