Արմինֆո. Հունիսի 10-ին Սիլիկոնյան հովտում (ԱՄՆ), Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում կկայանա «Հայաստան. ՏՏ ֆորումը»: Այս մասին մայիսի 30-ին այդ միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տրասյանը: ‹‹Հայաստան. ՏՏ ֆորումի›› ուշադրության կենտրոնում կլինեն նաև հայկական ստարտափների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կամփոփվեն Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրի արդյունքները:
Ֆորումի նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները և դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ոլորտի մասնագետների միջև համագործակցության կայացմանը:
Միջոցառման օրակարգում ներառված են հետևյալ թեմաները. Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումները և հաջողության պատմությունները, Նորաստեղծ ընկերությունների գլոբալ էկոհամակարգի ստեղծումը և կապը համաշխարհային շուկայի հետ, Մարտահրավերները և ներդրումային հնարավորությունները Հայաստանում, Կրթության դերը նորաստեղծ ընկերությունների ներուժը բացահայտելու գործում: Միջոցառումն իրականացվում է ԱրմԹեքի շրջանակում՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և ‹‹Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի և ‹‹Սինոփսիս» ընկերության աջակցությամբ: Գործընկերներն են` «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ», «ՊիկսԱրթ», ‹‹Հյուլեթ-Փաքարդ» ընկերությունները, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՏՀՏ գործատուների միությունը:
Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Հետաքրքրված անձինք ֆորումին մասնակցելու համար կարող են գրանցվել հետևյալ հղումով. http://goo.gl/forms/NCsoTSSoLBnASM5g2: