Արմինֆո. Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը, որն զբաղված է հայկական առաջին պլանշետների և սմարթֆոնների մշակմամբ և արտադրությամբ, հայտարարել է, որ հունիսի 6-ին կմեկնարկի հայկական սմարթֆոնների առաջին մոդելների վաճառքը:
Վաճառքի կհանվեն 5 տարբեր տեսակի սմարթֆոններ, որոնցից մի քանիը կունենան 32 ԳԲ հիշողություն, աշխատում են Android 5.1 և Android 6.0 համակարգերով, ունեն սենսորներ, 4G կապ և ճանաչում են մատնահետքերը: Ընդհանուր առմամբ, արտադրողները մտադիր են սպառողի դատին ներկայացնել` 0502, 0505, 0508, 0509 և0520տարբերակները:
«Ղեկավարվելով «Եկել է հայկական ապրանքների ժամանակը» նշանաբանով, մենք ներկայացնում ենք հայկական առաջին սմարթֆոնները, որոնք ոչ միայն իրենց դիզայնով և մատչելիությամբ, այլ նաև կատարման բարձր մակարդակով ի վիճակի են բավարարաել անգամ ամենաբծախնդիր սպառողի պահանջները: Ավելին, սպառողներին հաճելիորեն կզարմացնի ArmPhone-ում տեղադրված հայկական կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունները, ժամանակակից ռինգտոնների տեսքով»,-նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «ArmTab Technology» ընկերությունն ստեղծվել է 2013 թվականին, Minno ընկերության համահիմնադիր Վահան Շաքարյանի կողմից, Minno ընկերությունում արդեն թեստավորված բազայի հիման վրա: 2014 թվականի հունվարին «ArmTab Technology» ընկերության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև ստորագրվեց պլանշետները երկրի կրթական համակարգում ներդնելու մասին հուշագիր, որով 2015 թվականից ներդրվում է նոր պարտադիր առարկա – ռոբոտատեխնիկան: ArmTab-ը դարձավ առաջին գրանցված ընկերությունը, որն ստացավ 2011 թվականին ռուսական «Սիթրոնիքս» ընկերության կողմից ստեղծված`«Մարս» գործարանի տարածում գործունեություն իրականացնելու իրավունք: