Արմինֆո. ArmPhone-ը Հայաստանի տնտեսության բարելավմանն ուղղված մի նոր քայլ է: Այս մասին հունիսի 6-ին, Technology and Science Dynamics (TSD) ընկերության կողմից ստեղծված հայկական առաջին սմարթֆոնի` ArmPhone-ի շնորհանդեսին հայտարարել է ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Վահան Շաքարյանը: Նա նշել է, որ հայկական սմարթֆոնն իր որակով չի զիջում շուկայում գտնվող նման ապրանքներին, և ընկերությունը լիակատար պատասխանատվություն է կրում իր արտադրանքի դիմաց, սկսած արտադրողից և վերջացրած սպասարկումով: Նա հավելել է, որ հայկական տեխնոլոգիաների համար ինքը հեռանկարներ է տեսնում միջազգային շուկայում, մասնավորապես, չինական ապրանքների հետ մրցունակության առումով: «Եկել է մտածելակերպը փոխելու ժամանակը», - ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է հայկական սմարթֆոնի գնային քաղաքականությանը, Վ.Շաքարյանը տեղեկացրել է, որ գները տատանվում են 50 – 150 հազար դրամի սահմաններում: Աօրանքների իրացումը նա առայժմ տեսնում է հարևան երկրների շուկաներում, մասնավորապես Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում և Բելառուսում: Նա նշել է. «Մենք ուսումնասիրել ենք շուկան, պահանջարկ կա: Այս փուլում այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան քայլեր»: Իսկ առաքումները դեպի եվրոպական շուկա, նրա կարծիքով, ընդամենը ժամանակի հարց է: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում TSD ընկերության ներկայացուցիչ Մարինա Ասլանյանը նշել է, որ այսօր վաճառքի կհանվեն 5 տարբեր տեսակի սմարթֆոններ, որոնցից մի քանիը կունենան 32 ԳԲ հիշողություն, աշխատում են Android 5.1 և Android 6.0 համակարգերով, ունեն սենսորներ, 4G կապ և ճանաչում են մատնահետքերը: Ընդհանուր առմամբ, արտադրողները մտադիր են սպառողի դատին ներկայացնել` 0502, 0505, 0508, 0509 և0520տարբերակները: Նա նաև հավելել է, որ սմարթֆոնները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ կարգով, Ինեկոբանկի միջոցով:
Նշենք, որ «ArmTab Technology» ընկերությունն ստեղծվել է 2013 թվականին, Minno ընկերության համահիմնադիր Վահան Շաքարյանի կողմից, Minno ընկերությունում արդեն թեստավորված բազայի հիման վրա: 2014 թվականի հունվարին «ArmTab Technology» ընկերության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև ստորագրվեց պլանշետները երկրի կրթական համակարգում ներդնելու մասին հուշագիր, որով 2015 թվականից ներդրվում է նոր պարտադիր առարկա – ռոբոտատեխնիկան: ArmTab-ը դարձավ առաջին գրանցված ընկերությունը, որն ստացավ 2011 թվականին ռուսական «Սիթրոնիքս» ընկերության կողմից ստեղծված`«Մարս» գործարանի տարածում գործունեություն իրականացնելու իրավունք: