Արմինֆո. 2016 թվականի արդյունքներով Հայաստանում կան բոլոր նախադրյալները գնաճի զրոյական ցուցանիշներ ապահովելու համար: Այս մասին հունիսի 8-ին ՀՀ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նրա խոսքով, դրա վառ ապացույցն է`ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված 2016 թվականի մայիս ամսվա տվյալները, որոնց համաձայն գնանկումը կազմել է 0.7%: Ինչպես ակնկալվում է, ամռան ժամանակահատվածում նույնպես գնաճը կլինի ցածր: Այսպիսով, կգերակատարվեն երկրի պետբյուջեով ամրագրված ցուցանիշները տարեկան գնաճի վերաբերյալ` 4% (+/-1.5%): Այդ տվյալները թույլ են տալիս պնդել, որ գնաճը չի անդրադառնա հայ կենսաթոշակառուների կենսամակարդակի վրա, որոնց կենսաթոշակները 2016 ֆինանսական տարում չեն բարձրանա: Նախարարն ընդգծել է, որ գործնականում բոլոր ուղղություններով, բացառությամբ ծառայություններ ոլորտի, դիտվում է գնաճային ճնշումների նվազում:
Նշենք, որ, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի սպառողական շուկայում գնանկումը 2016 թվականի մայիսին կազմել է 0,7%, ինչը հիմնականում պայմանավորված էր պարենային ապրանքների գների`1% (կամ 0,9%`ոգելից խմիչքների և ծխախոտի հետ միասին), ոչ պարենային ապրանքների գների` 0,6% և ծառայությունների սակագների`0.3% իջեցումներով: 2016 թվականի մայիսին, 2015 թվականի մայիսի համեմատ, գնանկումը սպառողական շուկայում կազմել է 2.1%, մասնավորապես պարենային ապրանքներն էժանացել են 4,1%, ոչ պարենային ապրանքները`3.5%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 2.2%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2016 թվականի հունվար-մայիսին սպառողական գների ինդեքսը Հայաստանում կազմել է 99.4%, այդ թվում, սննդինը (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) - 99.9%, ոչ պարենային ապրանքներինը - 97.8%, իսկ ծառայությունների սակագներինը - 100%, իսկ 2015 թվականի հունվար-մայիսի համեմատ համապատասխանաբար`98,4%, 95,6%, 98,8% և 102.9%: Սպառողական գների ամսական միջին անկումը 2016 թվականի հունվար-մայիսին կազմել է 0,1%, նախորդ տարվա 0,3% աճի փոխարեն: