Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառվարությունում տեղի է ունեցել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմանն առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, նշվել է, որ հաշվի առնելով Գառնի համայնքում ծրագրի իրագործման մասով ՀՀ վարչապետի և Գառնիի բնակիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ծրագրի վերաբերյալ տեխնիկական լուծում գտնելու նպատակով կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ, առաջարկվել են ծրագիրը շարունակելու նոր տարբերակներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել ուսումնասիրությունների արդյունքներին և առաջարկվող լուծումներին, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Գառնի գյուղի բնակիչները փակել են Գառնի-Երևան մայրուղի տանող գլխավոր ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի, իրենց խոսքով, անօրինական կառուցումը, ինչը ենթադրում է Ազատ գետից խողովակաշարերով ջրի տեղափոխում Գառնիի երկու համայնք, որոնց հողերը, գյուղացիների խոսքով, պատկանում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գառնի գյուղի բնակիչ Արուսյակ Այվազյանը, այդպիսով իշխանավորները փորձում են լուծել սեփական վարելահողերի խնդիրը՝ ինչպես Գառնու կիրճի, այնպես էլ Ազատ գետի համար էկոլոգիական խնդիրներ ստեղծելու սպառնալիքով: Նա նաև հայտնել է, որ բողոքի ակցիային միացել են նաև Գողթ գյուղի բնակիչները, ովքեր իրենց հերթին անհանգստացած են Գեղարդալճի ճակատագրով, որի ջրերը նույնպես արհեստական ոռոջման համակարգ կառուցելու միջոցով նախատեսվում է տեղափոխել հարևան համայնքներ, որի հողերը պատկանում են Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանին: Այվազյանի խոսքով, նախագծի իրականացման դեպքում Գողթ համայնքը կզրկվի ջրից, բացի այդ, կխախտվի լճի էկոհամակարգը և վերջինիս նույնպես, ինչպես Ազատ գետի դեպքում, կսպառնա ճահճացում: Մայիսի 21-ին, ժամը 16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է տեղի բնակչությանը: Արդյունքում, որոշվեց չեղյալ հայտարարել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը, դադարեցնել շինարարությունը և շինտեխնիկան դուրս բերել Ազատի կիրճից: Նշենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: