
Արմինֆո. Քանի դեռ երկրի տնտեսությունը չի ապահովել ավելի բարձր աճ, նոր հարկային օրենսդրությունը հղի է ՓՄՁ համար բացասական հետևանքներով: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը: Նա գտնում է, որ հակառակ պարագայում հարկային բարեփոխումները վտանգավոր են առանց այն էլ դժվարին դրության մեջ գտնվող ՓՄՁ-ների համար:
Նա նշել է, որ վերջին 3 տարիների հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ՓՄՁ ոլորտում դրական միտումները չեն դիտվում: Այսպես, նրա խոսքով, 91 264 ակտիվ հարկատուների 70%-ը կամ 63 677-ը կազմում են ՓՄՁ սուբյեկտները, որոնք ապահովում են հարկային մուտքերի ընդամենը 1%-ը, մինչդեռ զբաղեցնում են աշխատանքի շուկայի մոտ 86.3%-ը: Նա նշել է նաև, որ այդ ոլորտի ձեռնարկատիրական գործունեության ավելի քան 50%-ը կենտրոնացած է մայրաքաղաքում:
«Իմ թվարկած բոլոր գործոններն էլ իրականում մտորումների և անհանգստության լուրջ տեղիք են տալիս: Իսկ ՓՄՁ դերը երկրի տնտեսության ընդհանուր զարգացման գործում հսկայական է: Հաշվի առնելով իմ կողմից ներկայացված ցուցանիշները, կարող եմ ասել միայն մեկ բան, որ մեր տնտեսությունն առայժմ պատրաստ չէ այն փոփոխություններին, որոնք նախատեսվում են նոր հարկային օրենսդրությամբ»,-եզրափակել է նա:
Նշենք, որ այսօր Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, գործում է ավելի քան 50 հազար միկրո - և փոքր, և ավելի քան 10 հազար միջին ՓՄՁ-ներ, որոնց մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ի կառուցվածքում 2015 թվականին նվազել է 30% (նախորդ տարվա 42% համեմատ):