Արմինֆո. Այսօրվա դրությամբ «Վերին Լարս» սահմանային անցակետում բեռնատարների կուտակում չկա` անցակետի ժամանակավոր փակման առնչությամբ, ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունում:
Փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ասելով, անցակեկտի փակման առաջին օրն այնտեղ կուտակվել էր շուրջ 120-130 բեռնատար: Դրանք արդեն ուղևորվել են դեպի Բաթում և Փոթի նավահանգիստներ, նշել է նա: «Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման գործընթացը չի դադարեցվել: Եղել են որոշ դժվարություններ, որոնք կարգավորվել են տվյալ փուլում», - հայտարարել է փոխնախարարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման նպատակով 55 բեռնատարներով բարձված լաստանավը «Փոթի» նավահանգստից արդեն ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ: Գյուղնախաարության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, բեռնափոխադրումները շարունակվում են, դրանք իրականացվում են երկօրյա պարբերականությամբ, երկու ուղղություններով: Վերին Լարսի անցակետի փակման պատճառով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ` հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումն իրականացնելու նպատակով: Պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է արտահանողներին այս ընթացքում օգտվել վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը: Լաստանավով Փոթիից Նովոռոսիյսկ մեկ բեռնատար մեքենայի փոխադրման արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
«Լաստանավային փոխադրումները ստեղծված իրավիճակից նվազագույն վնասով ելքի միակ ճանապարհն է», - հայտարարել է Մակարյանը: Ինչպես նշել է փոխնախարարը, մեկ բռնատարի փոխադրման գինը 1000 դոլար է, այն նվազագույն գինը, որին հաջողվել է հասնել բանակցությունների արդյունքում: «Կարծում եմ, տվյալ փուլում գյուղացիները պետք է համախնբվեն` համատեղ ջանքերով այդ արժեքը հաղթահարելու համար», - հայտարարել է Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը:
Ռոբերտ Մակարյանն ընդգծել է, որ դա համալիր աշխատանք է և այն շարունակվում է: «Վերամշակող գործարանների հետ բանակցություններ են վարվում` օգնելու գյուղացիներին իրացնելու ապրանքը, որը ենթակա չէ արտահանման կամ վաճառքի տեղական շուկայում», - հաղորդել է Մակարյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: Գերատեսչությունը հաղորդել էր անցակետի տարածքում քարաթափման վտանգի մասին: Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» սահմանային անցակետով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը: