Արմինֆո. Անելիք Բանկի և «Ria Money Transfers» դրամական փոխանցումների համակարգը հուլիսի 1-ից գործարկում են նոր համատեղ ակցիա, որի շրջանակներում «Ria Money Transfers» դրամական փոխանցումների համակարգով Հայաստանից դեպի Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա ուղարկվող փոխանցումները կիրականացվեն ընդամենը 1% միջնորդավճարով, նախկին 2 - 2.5 %-ի փոխարեն: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը «Ria Money Transfers» դրամական փոխանցումների համակարգով փոխանցումներ իրականացրած Անելիք Բանկի հաճախորդներից, պատահականության սկզբունքով հատուկ ծրագիրը ընտրելու է երեք հաջողակների, որոնց համար սահմանված են դրամական պարգևներ»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, հավելելով, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հաճախոդները հնարավորություն ունեն Anelik-Transfer վճարային քարտի միջոցով, առանց բանկ այցելելու, ստանալ իրենց փոխանցումները: «Մեր հաճախորդներին պետք է ընդամենը զանգահարել 010 59 33 33 հեռախոսահամարով՝ նշելով փոխանցման կոդը, և գումարը կփոխանցվի ստացողի քարտին ամենակարճ ժամանակահատվածում»,- տեղեկացրել է Ա. Մարտիրոսյանը:
Նշենք, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաև ANELIK, MONEYGRAM, INTELEXPRESS, CONVERSE TRANSFER, SIGUE MONEY TRANSFER, UNISTREAM և MONEYTUN դրամական փոխանցումների համակարգերով։
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, դրամական փոխանցումներից ստացված եկամուտներով Անելիք Բանկը գտնվում է առաջատար բանկերի հնգյակում, 2015 թվականին ապահովելով 53.2% աճ, մինչև 777.6 մլն. դրամ:
Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L-ը, 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը բանկի կապիտալում 89.95%-ից ավելացնելով մինչև 100%: