Արմինֆո. Հայաստանը Վրաստանի և Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում, որպես Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք, հայկական ավտոմեքենաների համար այլ ճանապարհ բացելու համար: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Ամենաուշը 10-14 օրից Վերին Լարսը կբացվի»,-հայտարարել է նախարարը, հղում կատարելով Վրաստանի կառավարության աղբյուրներին: Նրա խոսքով, Վրաստանի իշխանությունների և Ռուսաստանի գործընկերների հետ ընթանում են ամենօրյա աշխատանքներ, կապված Վերին Լարսի անցակետի բացման հետ:
Նախարարը նշել է, որ բանակցություններ ենք վարում վրացական կողմի հետ, որպեսզի ունենանք նաև այլընտրանքային ճանապարհ, դրա հետ կապված պետք է բանակցություններ վարվեն նաև ռուսաստանյան կողմի հետ՝ դիվանագիտական խողովակներով: Բեգլարյանը նշել է, որ ներկայում Հարավային Օսիայով հնարավորություն կա ուղևորվել դեպի ՌԴ, ճանապարհը լավ վիճակում է: «Երկու պետությունների հետ բանակցություններ են տարվում, Հայաստանից շատ բան այս առումով կախված չէ»,- նշել է Տրանսպորտի և կապի նախարարը:
«Վերին Լարսի իրավիճակը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում»,-հայտարարել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կառավարության այսօրվա նիստում: Ինչպես նշել է Գաբրիելյանը, ՌԴ կառավարությունն ինքնաթիռ է տրամադրել մարդկանց տեղաոխելու համար: Ռուսաստանի ԱԻՆ-ը 96 հոգու տեղափոխել է Վլադիկավկազ-Երևան չվերթով, 120 հոգի կտեղափոխի այսօր: Հունիսի 27-ին Վառնա-Բաթումի-Նովոռոսսիսկ լաստանավով 72 բեռնատարներ տեղափոխվել են Նովոռոսիսկ և այժմ բեռնաթափվում են: Հայաստան ընթացող բեռները հուլիսի 3-ին կհասնեն Բաթումի: Փոխվարչապետը նշել է, որ Բաթումի-Նովոռոսիսկ ուղղությամբ լաստանավի հուլիսի 4-ի տոմսերն արդեն վաճառքում են: «Սպայկա» ընկերության կողմից վարձակալված Փոթի-Նովոռոսիսկ ուղղությամբ լաստանավը 55 բեռնատարներով արդեն գտնվում է Նովոռոսիսկում և սպասում է նավահանգիստ մտնելու թույլտվությանը: : «Սպայկա» ընկերությունը վարձակալել է նաև երկրորդ լաստանավը: Ըստ փոխվարչապետի, Վրաստանի տարածքում կուտակված ավտոմեքենաների թիվը հասել է 15-20-ի, չհաշված այն ավվոմեքենաները, որոնք դեռ Հայաստանից դուրս չեն եկել, կամ գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանային գոտում: Ռուսական կողմում կուտակումը կազմումէ 40-50 ավտոմեքենա, Վլադիկավկազի մոտ կան բազմաթիվ բեռնատարներ: «Խոսքը գնում է ոչ միայն հայկական ավտոմեքենաների մասին»,-նշել է Գաբրիելյանը: Կուտակումներ են դիտվում նաև Կրասնոդարի և Ռոստովի մետ: Ըստ փոխվարաչապետի, գյուղնախարարության տվյալներով, Հայաստանից արդեն արտահանվել է 10 հազար տոննա ծիրան: Նա բոլոր բեռնափոխադրողներին կոչ է արել կուկակումներից խուսափելու համար Հայաստանից դուրս գալիս տեղեր ամրագրել լաստանավի վրա: Հղում կատարելով վրացական աղբյուրներին, փոխվարչապետը նշել է, որ ներկայումս հունից դուրս եկած գետն արդեն 50%-ով վերադարձել է իր նախկին հունին: Ըստ նախնական տվյալների, աշխատանքները կընթանան մոտ 3 շաբաթ:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Դեվդորակի կիրճում տեղի ունեցած սողանքների հետևանքով փակվել է Մցխեթա - Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը: Նշենք, որ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով է ընթանում Հայաստանին Ռուսաստանի կապող միակ ցամաքային ճանապարհը: