Արմինֆո. Յունիբանկը դուրս է եկել պարտատոմսերի ներքին շուկա: 2016թ.-ի հունիսի 30-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի մամուլի ծառայությունից, պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 50,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 8.0% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMUNIBB21ER8) բորսայում կշրջանառվեն UNIBB1 բորսայական հապավմամբ:
Աղբյուրի համաձայն, նշված պարտատոմսերը թողարկվել են այս տարվա ապրիլի 8-ին, մինչև հունիսի 14-ն առաջնային տեղաբաշխումով: Շրջանառության ժամկետն ավարտվում է 2018 թվականի ապրիլի 8-ին: Արժեկտրոնային վճարները նախատեսվում են ըստ եռամսյակների:
Հիշեցնենք, որ Բանկի հասարակ անվանական բաժնետոմսերը նույնպես ցուցակված են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում (ISIN - AMUNIBS10ER5), որոնք բորսայում շրջանառվելու են UNIB բորսայական հապավմամբ:
Ընդհանուր առմամբ Յունիբանկի թողարկել 132,373,818 հասարակ անվանական բաժնետոմս: Թողարկման ընդհանուր հարցը կազմել է 13,237,381,800 ՀՀ դրամ: Այս տարվա փետրվարի 10-ից ֆոնդային բորսայում շրջանառվել է 109,669,471 բաժնետոմս 10,966,947,100 դրամ ծավալով, իսկ մնացած 22,704,347 բաժնետոմսերը ցուցակվեցին հունիսի 15-ին: Թողարկման արդյունքների մասին չի հաղորդվել: Սակայն, ապագա բաժնետերերին բանկն առաջարկում է մի շարք լոյալական ծրագրեր` 8.2% տարեկան տոկոսադրույքով դոլարային և 15.5% տոկոսադրույքով դրամային ավանդներ, ինչպես նաև անհերթ սպասարկում, անվճար Visa Infinite և Priority Pass քարտեր, օնլայն բանկինգ, պահատուփեր, շուրջօրյա կոնսերժ:
Դեռ փետրվարին AmRating Վարկանիշային գործակալության վերլուծաբանները կանխատեսեցին, որ 2016 թվականին Յունիբանկն ստիպված կլինի մի քանի անգամ լրացուցիչ թողարկումներով դուրս գալ շուկա, քանի որ ընդհանուր կապիտալը 2016-ի ապրիլի 1-ին կազմել է 23.2 մլրդ.դրամ: IPO իրականացումից հետո բանկը դեռ պետք է համալրի ևս 7 մլրդ.դրամ, որպեսզի ապահովի Կենտրոնական բանկի նորմատիվային պահանջը (30 մլրդ.դրամ): 2015 թվականի 4-րդ եռամսյակում բանկը համալրեց կապիտալը 18.7%-ով կամ 2.5 մլրդ.դրամով, ինչի հաշվին ընդհանուր կապիտալը 2016-ի հունվարի 1-ին կազմեց 22.8 մլրդ.դրամ: Ըստ վերլուծաբանների, չի բացառվում, որ բանկը կապիտալը կհամալրի ոչ մեծ շահույթի, ինչպես նաև հիմնական բաժնետերերի լրացուցիչ ներդրումների հաշվին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Յունիբանկի ընդհանուր կապիտալը 2016 թվականի ապրիլի 1-ին կազմել է 23.2 մլրդ դրամ (տարեկան աճը 9.8%), ակտիվները`169.7 մլրդ դրամ (տարեկան աճը` 2,1%), վարկային ներդրումները`122.5 մլրդ դրամ (տարեկան աճը` 3,2%), ներդրումներն արժեթղթերում` 8,6 մլրդ դրամ (տարեկան աճը`75.5%), պարտավորությունները`146,5 մլրդ դրամ (տարեկան աճը`1%), այդ թվում`ժամկետային ավանդները կազմել են 112.3 մլրդ դրամ (տարեկան աճը` 8.1%): 2015 թվականը Յունիբանկը եզրափակել է 493.2 մլն դրամ զուտ շահույթով, տարեկան անկումը`7,4%, միայն չորրորդ եռամսյակում`ավելի քան 6 անգամ, բայց 2016 թվականի առաջին եռամսյակում բանկը կարողացավ շահույթն ավելացնել 2,6 անգամ: Յունիբանկի 2016-2020 թվականների զարգացման ծրագրով նախատեսվում է շուկայում ավանդների մասնաբաժինն ավելացնել մինչև 9%, մանրածախ բիզնեսի գծով` մինչև 13%, ՓՄՁ գծով` մինչև 9.5%, ինչպես նաև նախատեսվում է հաճախորդների թիվը հասցնել 430 հազարի: Բանկի կապիտալն այդ ժամանակահատվածում կհասնի 42 մլրդ. դրամի, իսկ շահույթը 2020 թվականին կկազմի 5 մլրդ.դրամ: