Արմինֆո. ԱՄՆ կառավարության Օտարերկրյա մասնավոր ներդրումներ կորպորացիայի (OPIC - The Overseas Private Investment Corporation) երաշխավորությամբ Արդշինբանկը ամերիկյան World Business Capital» (WBC) ընկերության հետ 2016թ. Հունիսի 30-ին ստորագրել է 10.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, պայմանագրի շրջանակներում ստացված գումարները կուղղվեն Բանկի հաճախորդ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը: Ծրագրի շրջանակներում Արդշինբանկը տրամադրելու է վարկեր իր հաճախորդներին սկսած տարեկան 11% տոկոսադրույքից մինչև 10 տարի մարման ժամկետով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2016 թվականի առաջին եռամսյակում Արդշինբանկը ՓՄՁ վարկավորման ծավալներն ավելացրել է մոտ 2 անգամ, մինչև 39.2 մլրդ դրամ, կտրուկ տեղ գրավելով առաջատարների հնգյակում: Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ վարկերը կազմել են 12,4%, տարեսկզբի 7%-ի փոխարեն: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը տարեկան կտրվածքով ավելացել է 26%, 2016-ի ապրիլի 1-ին կազմելով 315,1 մլրդ դրամ (ակտիվների 68.3%-ը), և այդ ցուցանիշով բանկը երկրորդն է համակարգում: Բանկն ունի 55 մասնաճյուղ, զբաղեցնելով 3-րդ տեղը շուկայում, ընդ որում, մասնաճյուղերից 13-ը գտնվում է Երևանում, 36-ը` Հայաստանի մարզերում և 6-ը` ԼՂՀ-ում: Բանկը միակ մասնավոր կազմակերպությունն է Հայաստանում, որը եվրապարտատոմսեր է թողարկել միջազգային ֆինանսական շուկայում և շնորհված վարկանիշներ ունի երկու միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից (Moody's և Fitch), Հայաստանի երկրի վարկանիշի մակարդակով: