Արմինֆո. Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2016 Գերազանցության մրցանակ` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում: Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է չորրորդ անգամ: Արդեն 25 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, Լոնդոնում:
Ամենամյա հեղինակավոր մրցանակը տրվում է թեկնածուների (բանկեր, բրոքերային և դիլերային ընկերություններ) գործունեության արդյունքների վերլուծության հիման վրա, ինչը Euromoney ֆինանսական վերլուծաբաններն արդեն 25 տարի շարունակ իրականացնում են 164 երկրներում: «Գերազանցության» մրցանակը ներառում է բանկային հատվածի և կապիտալի շուկայի 20 անվանակարգեր:
Ամերիաբանկին մրցանակը հանձնելիս հաշվի են առնվել հետևյալ կարևոր գործոնները` առաջատար դիրքերի ամրապնդումը Հայաստանի բանկային համակարգում, կառավարման արդյունավետ համակարգը, ինովացիոն մոտեցումը, միջազգային լավագույն փորձի և առաջատար տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ մշտական աշխատանքները, ՓՄՁ և վերականգնվող էներգետիկայի վարկավորման գծով լայնամասշտաբ ծրագրերի իրականացումը, արդյունավետ համագործակցությունը միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների և բանկերի հետ: Մասնավորապես, Ամերիաբանկը համագործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ավստրիայի զարգացման բանկի (OeEB), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Ֆինանսական զարգացման նիդերլանդական ընկերության (FMO), DEG - KfW Bankengruppe, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), Պրոպարկո ֆինանսական զարգացման գործակալության (Ֆրանսիա) հետ:
Միաժամանակ հաշվի են առնվել Բանկի կողմից ներդրված նորարարական լուծումներով ծառայությունները, մասնավորապես. Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (FCIl) միջազգային խոշոր ֆակտորինգային միությանն անդամակցելու միջոցով հաճախորդների համար միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակի ընդլայնումը` աշխարհի ավելի քան 80 երկրներից նոր գործընկերներ ձեռք բերելու և սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով, «Ամերիա» ավանդը, որն իր հնարավորություններով բոլորովին նոր մոտեցում է ՀՀ բանկային համակարգում և հաճախորդին տալիս է ավանդն ինքնուրույն ձևավորելու ազատություն, ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առավելություններով «Պարզ և արագ» փաթեթը, ֆիզիկական անձանց նոր ու ճկուն պայմաններով սպառողական վարկերի առաջարկը, ինտերնետում քարտերի սպասարկումն ապահովելու համար Visa քարտերով ինտերնետ-էքվայրինգի արտոնագրի ստացումը և Բանկի կողմից մշակված միասնական ծրագրային գործիքի (vPOS/virtual POS) միջոցով VISA, MasterCard և ArCa քարտերով էլեկտրոնային առևտրի կայքերում վճարումների ընդունումը, «Ameria Partner» փաթեթը, որը տալիս է բարձրակարգ սպասարկման մի շարք հնարավորություններ, ներառյալ Visa Infinite վճարային քարտը` իր եզակի առավելություններով:
Աղբյուրը նշում է, որ Ամերիաբանկը հետայսու ևս շարունակելու է ծավալել ակտիվ գործունություն իր ռազմավարությամբ նախանշած խնդիրների իրագործման ուղղությամբ` ամրապնդելով առաջատար դիրքերը տարածաշրջանում և հանդես գալով ֆինանսական ոլորտում առաջադիմական և նորարարական լուծումներով: Նշենք, որ մինչ այդ Ամերիաբանկն արժանացել էր Euromoney 2016 Գերազանցության մրցանակին` որպես Տարվա լավագույն բանկը Հայաստանում – 2011, 2012, 2013 և 2014 թվականներին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի հատուկ մրցանակներն են նաև` Global Finance-ից (2015 թ., 2013 թ., 2012 թ.), The Banker/FT-ից (2015 թ., 2013 թ., 2010): Ամերիաբանկը Հայաստանի բանկային շուկայում առաջատար դիրքեր է պահպանում ակտիվների, վարկերի, պարտավորությունների, ինչպես նաև ժամկետային ավանդների և ցպահանջ ավանդների մեծությամբ: Բանկի կապիտալին ՎԶԵԲ-ի մասնակցությունից և ընթացիկ ծանրակշիռ ներարկումների շնորհիվ Ամերիաբանկն առաջատար դարձավ նաև ընդհանուր և կանոնադրական կապիտալների չափերթվ: Բանկի բաժնետերերը են Ameria Group CY Ltd - 80% և ՎԶԵԲ-ը - 20%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Ամերիաբանկի ակտիվները 2016 թվականի հունվարի 1-ին կազմել են 515.8 մլրդ. դրամ, տարեկան աճը` 29%, բացարձակ արժեքով մնալով առաջին տեղում: Ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումների ծավալը կազմել է 61.5% կամ 317 մլրդ. դրամ (առաջին տեղ), տարեկան աճը` 12,4%: Բանկի վարկային պորտֆելի կորպորատիվ բաղադրիչը կազմել է 272.3 մլրդ դրամ (առաջին տեղ), տարեկան աճը`13,2%: 2015 թվականն Ամերիաբանկը եզրափակլ է 4,8 մլրդ դրամ զուտ շահույթով (երկրորդ տեղ):