Արմինֆո. Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Բիզնեսի միջազգային ակադեմիան (IAB) ռիսկերի կառավարման համակարգի ամրապնդման նպատակով Հայաստանի ֆինանսական կառույցների համար առաջիկա 12 ամիսներին կանցկացնի «Ռիսկերի կառավարում» և «Ժամկետանց վարկեր» խորագրով սեմինարներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է IFC մամուլի ծառայությունից, սեմինարները ֆինանսական կառույցներին կաջակցի ՓՄՁ ոլորտի նոր լուծումների ներդրման, գործունեության ուղղությունների ընդլայնման և փոքր բիզնեսի ներկայացուցիչների վարկավորման ծավալների ավելացման հարցերում:
Աղբյուրի համաձայն, նախձեռնությունն իրականացվում է «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ֆինանսական համակարգերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում Շվեյցարիայի SECO տնտեսական հարցերի պետական քարտուղարության կողմից:
Հարավային Կովկասում IFC ղեկավար Յան Բան Բիլսենը նշել է. «Այս նախաձեռնության նպատակը ֆինանսական կառույցների գործունեությունում ռիսկերի կառավարման համակարգի ամրապնդումն է, ինչը թույլ կտա շարունակել երկրի տնտեսության շարժիչ ուժի – ՓՄՁ ոլորտի ֆինանսավորումը»:
Իսկ IAB ղեկավար Արաքսյա Մարտիրոսյանն ընդգծել է, որ երկրի ֆինանսական հատվածի հիմնարար զարգացման և հետագա կայունացման համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ: «Սա զգալի նախաձեռնություն է Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար, և մենք ուրախ ենք այդ գործոմ համագործակցել IFC հետ»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանը IFC անդամ է 1995 թվականից, իսկ ներկա դրությամբ IFC ներդրումները Հայաստանում, ֆինանսների, արտադրության, գյուղատնտեսության, լեռնահումքային արդյունաբերության և ծառայությունների ոլորտների 42 տարբեր նախագծերի շրջանակներում հասան 233 մլն.դոլարի, այդ թվում, 22.8 մլն.դոլարը ներդրվել է այլ կրեդիտորների կողմից: IFC-ն աջակցում է նաև առևտրի գործարքներին, ավելի քան 122 մլն.դոլարի իր սեփական` առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, ինչպես նաև իրականացնում խորհրդատվական ծառայություններ, որոնք ուղղված են մասնավոր հատվածի զարգացմանը: IFC հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի անդամ, հանդիսանում է զարգացման խոշորագույն գլոբալ կառույցը, որի գործունեությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածի աջակցմանը զարգացող շուկաներում: IFC աշխատում է աշխարհի ավելի քան 2000 ընկերությունների հետ: 2015 թվականին IFC երկարաժամկետ ներդրումները զարգացող շուկաներում հասան 18 մլրդ.դոլարի:
Նշենք, որ Բիզնեսի միջազգային ակադեմիան (IAB) հիմնվել է 2001 թվականին, որի առաքելոթյունը կայանում է Հայաստանում և տարածաշրջանում մարդկային ռեսուրսների աճի և զարգացման ապահովման մեջ, միաժամանակ առաջարկելով նաև մասնագետների վերապատրաստում և խորհրդատվական ծառայությունների մշտական նորացում: