Արմինֆո. Ֆրանսիացի գործարարները բարձր չեն գնահատում Հայաստանի ներդրումային հնարավորությունները՝ նկատի ունենալով վերջինիս քաղաքական անկայունությունը: Այդ մասին ասել է Նանսիիի /Ֆրանսիա/ հայ համանքի ղեկավար Արթուր Ավետյանը՝ հուլիսի 15-ին ելույթ ունենալով ՙԵրիտասարդ գործարարների համահայկական ֆորումի՚ ժամանակ, որին մասնակցել են երիտասարդ գործարարեր Հայաստանից, Արցախից և սփյուռքից:
Ավետյանի խոսքով, սփյուռքի ներկայացուցիչներն իրենց գործունեության ընթացքում պետք է մշտապես հնարավորություն ունենան անհրաժեշտության դեպքում դիմելու Հայաստանի նախարարություններին: ՙԱյդպիսով մենք կկարողանանք ավելի արժանապատիվ կերպով ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում՚,- ասել է նա՝ նշելով, որ իր գործունեության շրջանակներում շատ աշխատանք է կատարվում Հայաստանը որպես ներդրումային բարձր հնարավորություններով զբոսաշրջային երկիր ներկայացնելու համար, սակայն որոշակի արդյունքներ դեռ ձեռք չեն բերվել:
Ֆորումում ելույթ է ունեցել նաև Տյումենում բիզնեսի և մշակութային կապերի աջակցության և զարգացման հայ-ռուսական միության հիմնադիր նախագահ Սերգո Ստեփանյանը: Իր ելույթում գոհունակություն հայտնելով ֆորումին մասնակցության համար՝ նա նշել է, որ Տյումենի գործարարները, ընդհակառակը, բաց են և պատրաստ են համագործակցել Հայաստանի հետ: Միաժամանակ նա հայտնել է, որ նման ֆորում կկազմակերպվի նաև Տյումենում՝ հայ գործարարների հետ կապեր հաստատելու նպատակով:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Ուկրաինայում ՙAxioma՚ իրավաբանական ընկերության հիմնադիր Արամ Ասրյանը նշել է, որ Հայաստանի, Արցախի և սփյուռքի երիտասարդության շրջանում ձեռներեցության զարգացման նպատակով նման միջոցառումներ պետք է անցկացվեին ավելի վաղ՝ նկատի ունենալով դրա մեծ անհրաժեշտությունը: Պատրաստակամություն հայտնելով համագործակցել Հայաստանի ներկայացուցիչների հետ՝ նա նշել է երիտասարդության մեծ ներուժը: ՙԻմ կողմից պատրաստ եմ օգտագործել Ուկրաինայում ձեռքբերած գիտելիքները և փորձը՝ մեր երկրին աջակցելու նպատակով՚,- ընդգծել է նա:
Նշենք, որ «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումը՚ տեղի կունենա հուլիսի 15-22-ը Երևանում: Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական հատվածներից ՝ հուլիսի 15-17–ը համաժո-ղով և հուլիսի 18-22–ը զբոսաշրջային այց Հայաստանի և Արցախի պատմամշակութային և տեսարժան վայրեր:
Ֆորումի նպատակն է համախմբել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայ երիտասարդ գործարարներին, գտնել փոխշահավետ ու արդյունավետ համագործակցության եզրեր, բացահայտել բիզնեսի զարգացման մարտահրավերները և միասին գտնել դրանց հաղթահարման ուղիները։
Այն հնարավորություն կընձեռի ոչ ֆորմալ միջավայրում շփվել աշխարհի տարբեր երկրնե-րից Հայաստան ժամանած հայրենակից երիտասարդ գործարարների հետ, ինչպես նաև կառուցել երկկողմանի փոխշահավետ կապեր՝ նպաստելով սեփական բիզնեսի զարգացմանը: Միջոցառման նախաձեռնողը ՀՀ երիտասարդ գործատուների միությունն է: