Արմինֆո. Եվրապայի անվտանգ և կայուն օդային տարածությունը Հայաստանի համար շարունակում է փակ մնալ: ՙՄենք դեռ սպասում ենք Եվրոպական հանձնաժողովի՝ Եվրամիության գործադիր իշխանության մարմնի մանդատի տրամադրմանը՚,- ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Ժամկետների հետաձգման հնարավոր պատճառները պարզելու համար Մելքոնյանը խորհուրդ է տվել դիմել ԵՄ-ին:
ՙԵվրոպայի միասնական երկնքին՚ Հայաստանի միանալու ժամկետները հետաձգվել են մի քանի անգամ: 2015 թ. դեկտեմբերին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշել էր Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի՚ համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի՚ քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը: Նշվել էր, որ դեկտեմբերին ԵՄ-ն նման համաձայնագրի ստորագրման մանդատ կտրամադրի, իսկ 2016 թ. հունվարից այդ հարցի շուրջ բանակցություններ կսկսվեն:
Վերջին ամիսների ընթացքում Երևանը բազմիցս բանակցությունների շուտափույթ սկսման իր շահագրգռվածությունն է հայտնել, սակայն պաշտոնական մակարդակով հաղորդվել է, որ ԵՄ Խորհրդի կողմից Եվրահանձնաժողովին բանակցություններ սկսելու մանդատ տրամադրելու հարցը կքննարկվի մինչև հունիսի կեսը: Սակայն, այնուհետև Գարեգին Մելքոնյանն ԱրմԻնֆո-ին հայտնել էր, որ ժամկետները տեղափոխվել են մինչև հունիսի վերջը:
Ներկայումս Հայաստանը շարունակում է գտնվել ՙսպասման ռեժիմի՚ մեջ: ՙՄեզ ասվել է, որ աշխատանքներն ընթանում են ԵՄ ավիացիայի ռազմավարության շրջանակներում՚,- հայտարարել է Մելքոնյանը՝ հույս հայտնելով, որ այդ ուղղությամբ մոտ ժամանակներս, այնուամենայնիվ, դրական դինամիկա կարձանագրվի: Հայկական կողմը, ինչպես նշել է փոխնախարարը, մանդատի տրմանդրման ժամկետների հետաձգման պատճառներ չի տեսնում:
Մանդատն ստանալուց հետո Եվրահանձնաժողովը լիազորված կլինի բանակցել Երևանի հետ: Հայաստանին կտրամադրվի համաձայնագրի այն նախագիծը, որը, ըստ ԵՄ, կլինի միասնական օդային տարածությանը միանալու բանակցությունների հիմքում: Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով, բանակցությունները երկարատև չեն լինի, քանի որ գոյություն ունի բոլոր երկրների հետ համագործակցության հիմնական մոդելային ձևաչափ:
Հմաձայնագրին միանալու արդյունքում Հայաստանի և ԵՄ 28 երկրների միջև կսկսի գործել ավելի ազատականացված ավիացիոն ռեժիմ, որից կօգտվեն Հայաստանի և ԵՄ երկրների ավիաընկերությունները:
Նշենք, որ թռիչքների անվտանգության ապահովումից և սերտիֆիկացիոն կանոնակարգերից բացի, փաստաթղթով նախատեսվում է Հայաստանում օտարերկրյա փոխադրողների և Եվրոպայում հայկական փոխադրողների չվերթների իրականացման սահմանափակումների վերացում: Դա թույլ կտա ավելի բարենպաստ պայմաններով Հայաստան ներգրավել եվրոպական ավիաընկերություններին, մասնավորապես՝ բյուջետային: Ազատականացումը կարող է միջազգային մակարդակով ապահովել արդարացի և բարեխիղճ մրցակցություն: Արևելյան գործընկերության անդամ երկրներից միասնական օդային տարածքին միացել են` Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան:
Եվրոպական ընդհանուր ավիացիոն տարածքին միանալը Հայաստանին թույլ կտա դուրս գալ անվտանգ և կայուն օդային տարածություն: