Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը`7.5%-ից մինչև 7.25%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ԿԲ Խորհրդի 2016 թվականի օգոստոսի 16-ի նիստում, որտեղ որոշվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.25 տոկոսային կետով:
Աղբյուրի համաձայն, 2016 թ. հուլիսին արձանագրվել է 2.3% գնանկում՝ պայմանավորված հիմնականում գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների նվազմամբ և գազի սակագնի իջեցմամբ, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -1.3%:
Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և միջազգային ապրանքային շուկաների հարաբերական կայունությունը, չնայած որոշ պարենային ապրանքների գծով դիտվել են թույլ գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից զգալի գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Ըստ ԿԲ գնահատման, ՀՀ տնտեսության վրա Եվրամիությունում ընթացող գործընթացները էական ազդեցություն չեն ունեցել:
Խորհուրդն արձանագրում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 2016 թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ-ում դիտվել է սպասվածի համեմատ բարձր տնտեսական ակտիվություն՝ մեծամասամբ պայմանավորված առկա արտաքին պահանջարկի պարագայում արտահանելի հատվածի դրական զարգացումներով:
Միևնույն ժամանակ, ԿԲ կողմից իրականացրած հետևողական դրամավարկային քաղաքականության արդյունքում շարունակաբար մեղմվել են գնաճային սպասումները, ինչի պարագայում հնարավորինս նվազել են երկարաժամկետ շուկայական տոկոսադրույքները: Վերջինս իրական հիմքեր է ստեղծել 2016 թ-ի արդյունքներով մասնավոր սպառման և ներքին պահանջարկի աստիճանական վերականգնման համար:
ԿԲ խորհուրդը ակնկալում է, որ առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր գնաճային միջավայր, իսկ տարեվերջին գնանկումը զգալիորեն կդանդաղի: Ստեղծված իրավիճակում ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում թուլացնել դրամավարկային պայմանները, ինչի պարագայում գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:
ԿԲ խորհուրդը գնահատում է, որ կարճաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը փոքր-ինչ գերակշռում են, որոնց դրսևորման դեպքում ԿԲ-ն համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.75 % և 5.75 %:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ օգոստոսի 26-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2016թ. երրորդ եռամսյակի ծրագրում):
Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ վերանայումը տեղի էր ունեցել հունիսի 28-ին` 7.75%-ից մինչև 7.5%, միաժամանակ նվազեցնելով լոմբարդային ռեպո-ները և բանկերից ներգրավված միջոցները համապատասխանաբար իջեցվեցին`9.25%-ից մինչև 6.25% և 9%-ից մինչև 6%: Իսկ մինչ այդ, 2016 թվականի մայիսի 17-ի նիստում, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.25%-ից իջեցվեց մինչև 7.75%, իսկ լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվեցին`9.25% և 6.25%, նախկին` 9.75% և 6.75% փոխարեն: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ փոփոխությունը տեղի էր ունեցել 2016 թվականի մարտի 29-ին, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5%-ից իջեցվեց մինչև 8.25%, իսկ լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար սահմանվեցին`9.75% և 6.75%, նախկին` 10% և 7% փոխարեն: 2016 թվականի առաջին ոփոխությունը տեղի է ունեցել փետրվարի 16-ին՝ 8.75%-ից իջեցվել էր մինչև 8.25%, իսկ լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար սահմանվել էին`10% և 7%,: Մինչ այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում տեղի էր ունեցել 2015 թվականի նոյեմբերի 10-ին`10,25-ից մինչև 9,75%, երբ լոմբարդային ռեպոների տոկոսադրույքերը 11.75%-ից նվազեցվել էր մինչև 11.25%, իսկ ներգրավվող ավանդների տոկոսադրույքերը` 8.75%-ից մինչև 8.25%: