Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է էներգետիկայի ոլորտում գործող ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով նախագահ Յոհան Վանդերպլաետսենի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը ողջունել է ֆրանսիական ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու և ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունը և այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկրում առկա են էներգետիկայի ոլորտում գործելու լայն հնարավորություններ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յոհան Վանդերպլաետսենը նշել է, որ ուսումնասիրել են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները՝ ընդգծելով, որ առկա են էլեկտրաէներգիայի արտադրության բարենպաստ պայմաններ: «Շնայդեր էլեկտրիկ»-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով նախագահը շեշտել է, որ նախատեսում են իրենց տեխնոլոգիական արտադրությունը տեղափոխել Հայաստան, կիրառել արտադրական նորագույն տեխնոլոգիաներ և բուհերի հետ համագործակցությամբ պատրաստել անհրաժեշտ կադրեր:
Ինչպես նախօրեին տեղեկացվել էր ԱրմԻնֆո-ին, «Շնայդեր էլեկտրիկ» ֆրանսիական խոշորագույն մեքենաշինական ընկերությունը, որը մշակումներ և արտադրություն է ապահովում էլեկտրաէներգիայի կառավարման ոլորտում, ինչպես նաև համալիր էներոարդյունավետ լուծումներ է ապահովում էներգետիկայի և ենթակառուցվածքների, արդյունաբերական ձեռնարկությունների, քաղաքացիական և բնակարանային շինոթյունների օբյեկտների համար, նախատեսում է ներդրումներ իրականացնել Հայաստանում: Ինչպես հաղորդել է Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, ընկերությունն արդեն հայտարարել է ներդրումներ կատարել Հայաստանի արևային և հողմային էներգետիկայի ոլորտներում, ընդգծելով, որ նման խոշոր ընկերության մուտքը Հայաստան կարող է հետաքրքրել նաև արտասահմանյան մյուս ներդրողներին:
Նշենք, որ Ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» ընկերությունը հանդիսանում է էլեկտրաէներգիայի կառավարման և արդյունաբերական ավտոմացման համաշխարհային փորձագետը: Ընկերության բաժանմունքներն աշխատում են 100 երկրներում:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրի շրջանառությունը 2015 թվականին կազմել է $ 71,2 մլն, տարեկան անկումը` 16.1%: Մասնավորապես, արտահանումը կազմել է $ 6,1 մլն (տարեկան անկումը`20,3%), ներմուծումը`$ 65,1 մլն (տարեկան անկումը`18,4%): 2016 թվականի հունվար-ապրիլին առևտրի շրջանառության ընդհանուր ծավալը կազմել է $ 15,2 մլն (տարեկան անկումը` 33,1%): Ապրանքաշրջանառության արտահանումը կազմել է $ 1.3 մլն (տարեկան անկումը` 10,2%), իսկ ներմուծումը`$ 13,9 մլն, անկումը`34.7%: