Արմինֆո. Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և ՀՀ Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ձեռք բերված համաձայնությամբ՝ վարկերը կտրմադրվեն 2-ից մինչև 5 տարի մարման ժամկետով: Վարկի առավելագույն չափը կարող է կազմել 500.000.000 ՀՀ դրամ:
Պայմանագրով նախատեսվում է ՓՄՁ-ներին տրամադրել ՀՀ դրամով, 11-13.8% տարեկան տոկոսադրույքով առևտրային և էքսպրեսս վարկեր՝ նպաստելով Հայաստանի տնտեսությունում այլընտրանքային էներգետիկայի կիրառման զարգացմանը և բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացմանը՝ թույլ տալով ՓՄՁ-ներին ներդրումներ կատարել էներգաարդյունավետ մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և ենթակառուցվածքների կայացման մեջ:
Վարկերի տրամադրման ժամանակ անհրաժեշտության դեպքում նախատեսվում է իրականացնել էներգաաուդիտ, ինչը թույլ կտա գնահատել ապագա ներդրումների արդյունավետությունը:
«GREEN» վարկերին ավելի մանրամասն ծանոթաալ կարելի է https://www.acba.am/hy/business/get-a-loan/energo-saving-loans հղումով:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ-ն Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մաժորիտար բաժնետեր հանդես է գալիս խոշորագույն եվրոպական Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% բաժնեմասով, որին հետևում է SJSC "Sacam International" բաժնետիրական ընկերությունը (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12,44%: Դրանցից զատ կապիտալում բաժին ունեն նաև գյուղացիական փոխօգնության 10 մարզային միությունները: Մասնաճյուղերի ցանցի ընդգրկմամբ և մարզային մասնաճյուղերի թվով բանկը երկրորդ դիրքն է զբաղեցնում: Հիմնական հաշվեկշռային ցուցանիշների գծով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ պահպանում է դիրքերն առաջատար հնգյակում: ՓՄՁ-վբարկավորման ծավալներով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գտնվում է առաջատար տասնյակում, 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` 33.8 մլրդ դրամ կամ բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 18% - ը: Բանկի վարկային ընդհանուր ներդրումներում ՓՄՁ- ոլորտի մասնաբաժինը կազմել է 6%: