Արմինֆո. Սոչիում ԵՏՄ երկրների վարչապետների վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-իրանական սահմանին՝ Մեղրիի տարածաշրջանում, ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ, «Բազե-2016՚ երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարության ղեկավարը գտնում է, որ դա շատ կարևոր ծրագիր է, որը մեր տնտեսության զարգացման նոր հնարավորություն է բացում: Միաժամանակ, ինչպես նշել է վարչապետը, նախագիծը կարևոր է նաև տարածաշրջանային զարգացման առումով: ՙՏարածաշրջանների զարգացումը մեր առաջնահերթություններից մեկն է, և նոր ազար տնտեսական գոտին կխթանի Մեղրիի զարգացումը: ՙԿստեղծվեն նոր աշխատատեղեր, կբացվեն նոր հեռանկարներ՚,- նշել է Աբրահամյանը: Նրա խոսքով, ծրագիրը նաև հնարավորություն կտա Իրանին համատեղ ձեռնարկություններ հիմնել ԵՏՄ անդամ պետությունների հետ ազատ տնտեսական գոտում և առանց մաքսատուրքերի արտադրանքն արտահանել Եվրասիական տնտեսական միության երկրներ:
Պաշտոնական տվյալներով, Եվրասիական տնտեսական միության արտաքին ապրանքաշրջանառությունը 2016թ. առաջին կիսամյակում կազմել է 228,6 միլիարդ ԱՄՆ դոլար (արտահանումը 140,5, իսկ ներմուծումը՝ 88,1 միլիարդ դոլար): Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին ապրանքաշրջանառության ծավալը նվազել է 23%-ով: Արտահանման ծավալը նվազել է 29,3%-ով, իսկ ներկրման ծավալը՝ 10,3 տոկոսով: ԵՏՄ ներքին ապրանքաշրջանառությունը 2016թ. առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17 տոկոսով և կազմել 19 միլիարդ դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2016 թ. I կիսամյակում Հայաստանի և Իրանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 16,4%-ով՝ մինչև $113.5 մլն, ինչը պայմանավորված էր ներմուծման 19,2%-ով՝ մինչև $75.7 մլն անկմամբ, արտահանման 10,3%-ով՝ մինչև $37.8 մլն նվազման պայմաններում:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին: Վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ:«Ալյանս» ազատ տնտեսական գոտին ունի բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ուղղվածություն:
ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ «ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ՚ ՓԲԸ տարածքում ստեղծվել է «ՄԵՐԻԴԻԱՆ՚ ազատ տնտեսական գոտի: 2016 թ. օգոստոսի 4-ի դրությամբ, ինչպես հայտնել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՙՄերիդիան՚ և ՙԱլյանս՚ ազատ տնտեսական գոտու տարածքում գործում է 8 ընկերություն: Ընկերությունների ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի $57,6 մլն, որի շրջանակներում կստեղծվի 240 նոր աշխատատեղ: