Արմինֆո. 2016 թ. սեպտեմբերի 19-22-ը ՙՄերիդիան՚ էքսպո կենտրոնում տեղի կունենա ՙԱրտադրված է Հայաստանում՚ (Made in Armenia) ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կմասնակցի արդյունաբերության տարբեր հատվածները ներկայացնող և արտահանման ներուժ ունեցող ավելի քան 300 ընկերություն Հայաստանից և Արցախից՝ տեղական արդյունաբերության ներուժը ցուցադրելու, իրացման նոր շուկաներ բացահայտելու, օտարերկրյա ներդրողներ ներգրավելու, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, գործարար կապեր հաստատելու նպատակով:
Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով ղեկավար Հայկ Միրզոյանի խոսքով, ցուցահանդեսին մասնակցության բոլոր հայտերը հավանության են արժանացել: ՙԵթե անցած տարի ցուցահանդեսին իր արտադրանքն է ներկայացրել շուրջ 300 ընկերություն, այս տարի նրանց թիվը հասել է 330-ի, ըստ որում՝ մենք փորձել ենք հնարավորինս բավարարել մասնակից ընկերությունների պահանջները՚,- հայտարարել է Միրզոյանը՝ ընդգծելով, որ տաղավարները մասնակիցներին տրամադրվել են անվճար: Կազմակերպիչները ձգտել են առավելագույնս ապահովել սիրիահայերի մասնակցությունը, քանի որ նրանք դեռ անփորձ են տեղի կառույցների հետ կապեր հաստատելու հարցերում:
Ցուցահահանդեսին ներկայացված արտադրանքի արտահանմանն աջակցելու համար, ինչպես նշել է Հիմնադրամի ղեկավար Կարեն Մկրտչյանը, կազմակերպիչներն ակնկալում են ԵՏՄ, ԵՄ երկրներից, Իրանից, ԱՄՆ-ից, Չինաստանից հավանական գնորդների և ներդրողների պատվիրակությունների այցը: Բացի այդ, Հիմնադրամն ունի արտահանմանն աջակցման գործիքակազմ, ինչի օգնությամբ աջակցություն է ցուցաբերվում արտահանողներին՝ սերտիֆիկացման և վարկերի սուբսիդավորում, արտերկրում ցուցահանդեսներին մասնակցության համար աջակցություն:
Ցուցահանեսի շրջանակներում սեպտեմբերի 20-ին կանցկացվի ՙՀայաստանը՝ որպես կամուրջ դեպի խոշոր շուկաներ՚ տնտեսական համաժողովը, որի ժամանակ կքննարկվեն ներդրումային ծրագրերը տրանսպորտի, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում:
ՙMade in Armenia՚-ն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կապակցությամբ: Այս տարի այն նվիրված է անկախության 25-ամյակին:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2015 թվականի հունվար-դեկտեմբերին 2014-ի հունվար-դեկտեմբերի համեմատ կրճատվել է 20.6%-ով՝ մինչև 2.3 տրլն դրամ ($ 4.7 մլրդ): Մասնավորապես, արտահանման ծավալը 2015 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 710.5 մլրդ դրամ ($ 1.5 մլրդ), տարեկան անկումը`3,9%, իսկ ներմուծման ծավալը կազմել է 1.6 մլրդ դրամ ($ 3.3 մլրդ), տարեկան անկումը` 26,5%: 2016 թ. հունվար-հունիսին արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 2,7%-ով՝ մինչև $2.3 մլրդ, մասնավորապես՝ արտահանում աճել է 16,7%-ով՝ մինչև $815 մլն, իսկ ներմուծումը՝ կրճատվել 3,7%-ով՝ մինչև $1.5 մլրդ: