Արմինֆո. Հայաստանը նոր միջուկային էներգաբլոկ կկառուցի նույն տեխնոլոգիայով, որն այժ կա: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Նրա ասելով, խոսքը վերաբերում է, առաջին հերթին, ջրային ռեակտորներով երկկոնտուրային բլոկերին: Դա անհրաժեշտ է` ելնելով նման բլոկերի շահագործման փորձի, կադրերի առկայությունից: Բացի այդ, Արեգ Գալստյանը նշել է, որ ջրային ռեակտորներով բլոկերը կառուցված են ամենահուսալի տեխնոլոգիայով: «Շատ մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ մենք կընտրենք հենց այդպիսի բլոկ», - ընդգծել է փոխնախարարը, հիշեցնելով, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին քաղաքական որոշումն արդեն կայացվել է, այն պետք է լինի մինչև 600 մեգավատ: «Այլ հարց է` արդյոք կլինի միջին հզորության մեկ թե մի քանի բլոկ», - հայտարարել է փոխնախարարը, հավելելով, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շարունակում է հետևել իրավիճակին համաշխարհային շուկայում, որտեղ հայտնվում են ջրային ռեակտորների կիրառման նոր տեխնոլոգիաներ: Արեգ Գալստյանն ընդգծել է, որ նոր բլոկը պետք է կառուցվի մինչև 2027 թիվը, երբ արդիանակացումից հետո կսպառվի ՀԱԷԿ գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի հուլիսի 31-ին հաստատված ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին համապաատսխան, նոր միջուկային էներգաբլոկը շահագործման հանձնելու ժամկետը համընկնում է գործող էներգաբլոկի շահագործումը դադարեցնելու ժամկետին:
2014 թվականի դեկտեմբերին և 2015 թվականի փետրվարին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել են երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձագման նախագծում համագործակցության և ծրագրի ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկի տրամադրման շուրջ համաձայնագրեր:
Մեծամորի մոտ գտնվող ՀԱԷԿ-ը, որը միակն է տարածաշրջանում, շահագործման էր հանձնվել 1980 թվականին և կանգնեցվել էր 1989 թվականի մարտին` Սպիտակի երկրաշարժից հետո: ՀԱԷԿ-ը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին` հանրապետությունում սուր էներգետիկ ճգնաժամի առնչությամբ: Կայանի երկու էներգաբլոկները զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորներով: Առաջին բլոկն այժմ կանգնեցված է: Կայանին բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրության մինչև 40%-ը: Փորձագետների գնահատականների համաձայն, կայանի շահագործման ռեսուրսն ասպառվում է 2016 թվականին: Այժմ աշխատանքներ են իրականացվում կայանի շահագործման ժամկետը մինչև 2027 թիվը երկարաձգելու համար: Նախագծի իրագործման համար նախորդ տարվա վերջին Մոսկվայում ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն, ռուսական կողմը կայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար Հայաստանին 270 մլն դոլարի վարկ կտրամադրի` 15 տարվա ընացքում մարման պայմանով` 3% տարեկան տոկոսադրույքով: Բացի այդ, նույն նպատակների համար Ռուսաստանի Դաշնությունը 30 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին: Երկրի էլեկտրամատակարարման խնդիրը կարող է լուծել միայն նոր բլոկի կառուցումը, որը Հայաստանի վրա կնստի 5 մլրդ դոլար: