Արմինֆո. ՙArmenia Startup Cup 2016՚ IV ամենամյա առաջնությունում, որի կազմակերպիչը Բիզնեսի միջազգային ակադեմիան (IAB) է, մասնակիցների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 156-ի: Այդ մասին սթարթափների համար նորարարական բիզնես մոդելների ազգային առաջնության ժամանակ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՙArmenia Startup Cup 2016՚ նախագծի ղեկավար Սերգեյ Գասպարյանը՝ նշելով, որ անցած տարի մասնակիցների թիվը կազմել է ընդամենը 77:
ՙԱյս տարի ՙArmenia StartUp Cup 2016՚ բիզնես մոդելների առաջնության ազգային փուլին մասնակցության հայտեր ընդունվել են էլեկտրոնային ռեժիմով, և մեզ հաջողվել է ավելի շատ մասնակիցներ ներգրավել: Հատկանշական է, որ սթարթափներ են մասնակցել ոչ միայն Երևանից, այլ նաև Հայաստանի 12 քաղաքից և Արցախից՚,- նշել է նա: Ս. Գասպարյանը հայտնել է նաև, որ IV ազգային առաջնությունում սթարթափների նախագծերի ճնշող մասը բաժին է ընկնում ՏՏ հատվածին:
Միջոցառման ընթացքում IAB տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը նշել է, առաջնության նպատակը մեր երկրում ավելի զարգացած բիզնես համայնքի ձևավորումն է՝ որակյալ վերապատրաստման միջոցով: ՙՙArmenia Startup Cup 2016՚-ը կնպաստի Հայաստանի ձեռնարկատիրական ներուժի բացահայտմանը և թույլ կտա ներկայանալ միջազգային ասպարեզում՚,- ասել է նա:
Առաջնության շրջանակներում սթարթափները փորձագիտական ժյուրիին կներկայացնեն բիզնես գաղափարներ՝ ուղղված ամպային տեխնոլոգիաների, մաքուր էներգիայի, էլեկտրոնային առևտրի, կրթության ոլորտի, առողջապահության, զբոսաշրջության, գյուղատնտեսությանը զարգացմանը և այլն: Միաժամանակ առաջնության կազմակերպիչները նշել են, որ երկօրյա սեմինարի ավարտին կհայտարարվի 25 լավագույն նախագծերը, որոնք կմասնակցեն առաջնության երկրորդ փուլին: Առաջնության հաղթողը կստանա մինչև 1.500.000 դրամ, որն իր մեջ կարող է ներառել բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզնես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Առաջին մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկայացնել Հայաստանը World StartUp Cup 2017-ում ` մրցելով ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ: Երկրորդ և երրորդ տեղին արժանացածները կստանան համապատասխանաբար 1 մլն դրամ և 500 հազար դրամ, ինչպես նաև ՙWorld StartUp Cup 2017՚-ին ներկա գտնվելու և վենչուրային ընկերություններին ու ներդրողներին իրենց բիզնեսը ներկայացնելու հնարավորություն: Մարզային փուլը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին և 25-ին Դիլիջանում, եզրափակիչ փուլը՝ նոյեմբերի15-ին Երևանում: Հայաստանում ՙArmenia Startup Cup 2016՚ առաջնությունն անցկացվում է արդեն չորրորդ անգամ:
Նշենք, որ Բիզնեսի միջազգային ակադեմիան է (IAB) հիմնադրվել է 2001 թվականին: Ակադեմիայի առաքելությունն է Հայաստանում և տարածաշրջանում մարդկային ռեսուրսների զարգացման և աճի ապահովումը՝ առաջարկելով մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայությունների մշտապես նորացվող լայն շրջանակ: