Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն խորհրդակցության ընթացքում ամփոփեց Ընկերության աշխատանքի արդյունքներն օգոստոսին: Ինչպես նշեց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում երկաթուղայիններին հաջողվել է ապահովել փոխադրումների աճի դինամիկան, որը 5,1%-ով գերազանցեց նախատեսվող ցուցանիշները: Բեռնումը հաշվետու շրջանում կազմեց 132,5 հազար տոննա, ինչը 13%-ով գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը:
Արտահանման փոխադրումների աճը 2015 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել են 37%-ով, իսկ տեղական հաղորդակցությունում՝ 7,5%-ով և կազմել 102,6 հազար տոննա: Միևնույն ժամանակ նշվել էր, որ այս ցուցանիշների աճի ֆոնին հունվար-օգոստոսին կտրուկ անկում է ապրել երկաթուղային ներմուծումը. այստեղ գրանցվել է գրեթե 20%-նոց կրճատում:
Ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, ավելացել են լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը: Տեղամասային արագությունը կազմեց 35,1 կմ/ժ նախատեսվող 33,4 կմ/ժ դիմաց, իսկ տեխնիկականը՝ 41,4 կմ/ժ՝ նախատեսվող 40 կմ/ժ դիմաց:
Կրճատվեց նաև բեռնատար վագոնի շրջանառությունը. օգոստոսին այն կազմեց 2,7 օր նախատեսվող 2,9-ի դիմաց: Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը: Դրանց թվում է գնացքի միջին քաշը, բեռնատար վագոնի պարապուրդի ժամանակը:
Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հաշվետու շրջանում 1266 գնացքից ուշացել էին 10-ը:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2016 թվականի օգոստոսին գծի բալային գնահատականը բարելավվել է 8 կետով՝ կազմելով 85 միավոր:
Գլխավոր տնօրենը հայտնեց, որ անցած ամսվա ընթացքում փոխվել է 4 440 կոճ: Իսկ տարվա սկզբից կոճերի փոխման ծրագիրը գերակատարվեց 14%-ով՝ արդեն փոխվել է ավելի քան 27 հազար կոճ նախատեսվող 23,7 հազարի դիմաց:
Երկաթուղու առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը առանձնացրեց գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը: Այլ հիմնական խնդիրների շարքում Սերգեյ Վալկոն նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: