Արմինֆո. Հայաստանում կվերանայվի գազի և էլեկտրաէներգիայի ոլորտում սակագնային քաղաքականությունը, սեպտեմբերի 15-ին կառավարության նիստում նման հանձնարարականով է հանդես եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՙԱռաջարկում եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ Խոսքն ինչին է վերաբերում․ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար։ Հանձնարարականը նույնպես կձևակերպվի, ժամկետները կսահմանվեն։ Այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են՚,- ասել է վարչապետը: Մեկնաբանելով վարչապետի հանձնարարականը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ սակագներն էական ազդեցություն են ունենում արտադրանքի ինքնարժեքի վրա՝ հատկապես գյուղատնտեսության և վերամշակման ոլորտում: Վարչապետի հանձնարարականի կատարումը, շարունակել է Ա. Ղազարյանը, դրական ազդեցություն կունենա ինչպես երկրի սոցիալական կյանքի, այնպես էլ՝ բիզնեսի վրա:
Նշենք, որ 2016 թ. հունիսի 24-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները նվազեցնել 2.58 դրամով: Ըստ ՀԾԿՀ որոշման, 2016 թվականի օգոստոսի 1-ից 1 կվտ/ժ դիմաց ցերեկային սակագինը կլինի 46,20 դրամ` ներկայիս 48,78 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը`36,20 դրամ` ներկայիս 38,78 դրամի փոխարեն: Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է բնական գազի նոր սակագներ: Ամսական մինչև 10 հազ. խմ գազի սպառում ունեցող տնային տնտեսությունների համար 1 խմ դիմաց սահմանվել է 146, 7 դրամ սակագին` գործող 156 դրամի փոխարեն, ամսական 10 հազ. խմ և ավելի սպառում ունեցողների համար` 257.56 դոլար (1000 խմ) սակագին` գործող 276.98 դոլարի փոխարեն: Այնուամենայնիվ, Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագները շարունակում են ամենաբարձրը մնալ տարածաշրջանում: