Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և Հայկական ավտոմոբիլային ակումբը ներկայացրել են նոր համատեղ ARCA CLASSIC, PLATINUM և BLACK պլաստիկ վճարային քարտեր: Այդ առնչությամբ սեպտեմբերի 16-ին ստորագրվել է համագործակցության հուշագիրը, որը պաշտոնապես վավերացրել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը և Հայկական ավտոմոբիլային ակումբի գործադիր տնօրեն Պողոս Շահինյանը: Այս նոր քարտատեսակը ներառում է միանգամից երկու գործառույթ. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վճարային քարտ լինելուց բացի, այն հանդիսանում է նաև Հայկական ավտոմոբիլային ակումբի անդամության քարտ:
Նշված քարտատեսակը հնարավորություն է ընձեռում առանց միջնորդավճարի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկոմատներից կանխիկացնել հաշվին առկա միջոցները, քարտի միջոցով ստանալ աշխատավարձը, իրականացնել կոմունալ վարձերի և բջջային հեռախոսների վարձերի վճարումներ, տարաբնույթ առևտրի և սպասարկման կետերում, տուրիստական գործակալություններում և ԱՊՊԱ համակարգում օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ քարտապանների համար գործող բացառիկ զեղչերից: Քարտապանները ստանում են նաև Հայկական ավտոմոբիլային ակումբի առաջարկած ծառայությունների ամբողջ փաթեթը: Ձեր ավտոմեքենայի խափանումների դեպքում` Ակումբի գլխավոր նպատակն է աջակցել և արագ լուծումներ գտնել՝ լինելով վարորդի կողքին ինչպես Հայաստանի ամբողջ տարածքում, այնպես էլ Վրաստանում և ԼՂՀ-ում:
Նշենք նաև, որ Հայկական ավտոմոբիլային ակումբն առաջինն է Հայաստանում, որն իր անդամներին անվճար տրամադրում է ավտոքարշակ, իրավաբանական խորհրդատվություն, տեխնիկական սպասարկում և օժանդակություն օրվա ցանկացած պահին, ցանկացած վայրում: Այս բոլոր ծառայությունները հասանելի են 24 ժամ, շաբաթը 7 օր:
«Մեր ռազմավարությունը նպատակաուղղված է մեր հաճախորդների պահանջմունքները բավարարող ապրանքների ստեղծման, ինչի առնչությամբ թողարկել ենք այդ քարտերը, որոնցով նախատեսվում է զեղչերի լայն սպեկտր: Դա վարորդների համար դրանք դարձնում է ոչ միայն հաշավետ, այլև անհրաժեշտ ապրանք», - նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն տեղակալ Դավիթ Հարությունյանը: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին` Դ.Հարությունյանը հաղորդել է, որ Ավտոմոբիլային ակումբի հետ այդ համատեղ նախաձեռնության շնորհիվ մինչև տարեվերջ բանկին կհաջողվի ևս 1000-ով, այսինքն, ներկայիս 86,5 հազար հատից, ավելացնել լոկալ ArCa քարտերի թիվը:
Հայկական ավտոմոբիլային ակումբի գործադիր տնօրեն Պողոս Շահինյանն իր հերթին նշել է, որ նման նախագիծ առաջին անգամ է գործարկվում Հայաստանում, մինչդեռ Եվրոպայի բոլոր երկրներում և ԱՄՆ-ում այն գործում է վաղուց: Նրա ասելով, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հետ համատեղ քարտը քարտապանին թույլ կտա անվճար օգտվել ակումբի ծառայություններից և խնդիրները լուծել իրավաբանական և տեխնիկական հարթություններում` շուրջօրյա, ոչ միայն Հայաստանում, այլև ԼՂՀ-ում ու Վրաստանում: Շահինյանը նաև հավելել է, որ քարտը ոչ միայն թույլ է տալիս օգտվել արտոնություններից փոխադրամիջոցի անվտանգության ապահովման հարցերում, այլև ընձեռում է բուժսպասարկման, զվարճանքի կենտրոնների և այլ հատուկ զեղջերի հնարավորություն:
«Խնդիրներ ծագելու դեպքում քարտապանը կարող է զանգահարել մեզ, և կես ժամվա ընթացքում մեր մասնագետը կժամանի դեպքի վայր, բոլորովին անվճար տրամադրելով անհրաժեշտ ծառայություններ: Եթե հարցը դուրս է ակումբի իրավասություններից, և հաճախորդը ստիպված կլինի օգնության դիմել այլ ծառայության, համատեղ քարտի շնորհիվ նրան տրամադրվում է 20-30% հատուկ մշակված ճկուն զեղջերից օգտվելու հնարավորություն», - պարզաբանել է Պ.Շահինյանը:
Հայկական ավտոմոբիլային ակումբը հիմնադրվել է 2009 թվականին: Ակումբի գլխավոր նպատակն է աջակցել և արագ լուծումներ գտնել մեքենայի սպասարկման և խափանումների դեպքում, ինչպես նաև ապահովել անվտանգ ու անխափան երթևեկություն։ Հայկական Ավտոմոբիլային Ակումբը կարևորում է ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպումը, որը միտված է ճանապարհատրանսպորտային պատահարների նվազմանը, վիրավորների և մահվան ելքերով պատահարների կանխարգելմանը: Ակումբը, համագործակցելով տեղի և միջազգային հայտնի կազմակերպությունների հետ, ճանապարհային անվտանգության ոլորտում անում է առավելագույնը՝ անվտանգ երթևեկության կազմակերպման համար:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի տվյալներով, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը առաջատար հնգյակում է ակտիվ քարտերի թվով, և առաջատար տասնյակում` պլաստիկ գործարքների ծավալով: Այսպես, 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկն ուներ ավելի քան 132 հազար ակտիվ քարտ, իսկ 2015 թվականին գործրաքների ծավալը կազմել է 82.2 մլրդն դրամ, որի շուրջ 46% բաժին է ընկել բանկոմատային գործարքներին: Լոկալ ArCa քարտերի թվով բանկը առաջատար եռյակում է` 85.8 հազհար հատ, MasterCard քարտերի թվով առաջատար հնգյակում է` 29.9 հազհար հատ, իսկ բանկի Visa քարտերի թիվը 15.5 հազար է: Տարեկան կտրվածքով բանկը քարտերի թվի աճի հիմնական շեշտադրումը կատարել է MasterCard-ի վրա, գրեթե 2 անգամ, ևս 3,4%-ով ավելացրել է ArCa քարտերի թիվը, ընդ որում 50,5%-ով կրճատելով Visa քարտերի թիվը, ինչի արդյունքում ակտիվ քարտերի թիվն ավելացել է ընդամենը 1,2%-ով: Բանկը առաջատարների հնգյակ է մտել նաև սեփական POS-տերմինալների թվով` 386 հատ, տարեկան դրանց թիվն ավելացնելով 27-ով (7,5%), իսկ բանկոմատների թվով պահպանում է դիրքը առաջատար տասնյակում` 95 հատ, որոնցից 66 տեղադրված են Երևանում (5 դիրք), ընդ որում տարեկան կտրվածքով ավելացել է դրանց թիվն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Կենսաթոշակային նախագծում բանկը, գործարկելով միայն ArCa, 2014 թվականից ամրապնդվել է 5-րդ դիրքում, 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ ապահովելով լոկալ քարտերի տարեկան 17,4% աճ, մինչև 9,7 հազար հատ: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, որպես Diners Club International պրեմիում կարգի համաշխարհային համակարգի բացառիկ ներկայացուցիչ, 2013 թվականի դեկտեմբերից թողարկում է Diners Club - Diners Club Black Diners Club Classic ակումբային քարտեր, որոնց կտրուկ ակտիվացմանը կնպաստի 2015թ. Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին և դրա շրջանակում նախատեսվող շուկաների միավորումը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործում է 2005 թվականի նոյեմբերից: Որպես բանկի մաժորիտար բաժնետեր 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանդես է գալիս Հայաստանի նավթի առևտրով զբաղվող խոշորագույն «Ֆլեշ» ընկերությունը` կապիտալում 64,24% մասնակցությամբ, EBRD` 25%+1 բաժնետոմս, Rural Impulse Fund II (բելգիական Incofin Investment Management - Incofin IM կառուցվածքում է)` 10%: