Արմինֆո. «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը մասնակցել է Made in Armenia ամենամյա ցուցահանդեսին, որին մասնակցել են նաև Հայաստանի և Արցախի ավելի քան 320 ընկերություններ, իրենք արտադրանքը ներկայացնելով «Մերիդիան» ցոցահանդեսային կենտրոնում:
Զրուցելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ, ընկերության ներկայացուցիչ Ինգա Աղալովյանը նշել է, որ Made in Armenia հարթակի միջոցով ընկերությունը հայ արտադրողներին ներկայացնում է իր ծառայություները: «ՓՄՁ ներկայացուցիչները հետաքրքրույթուն են ցուցաբերում մեր ընկերության ծառայությունների նկատմամբ, քանի որ դրանք ձեռնտու են, մասնավորապես, արտահանումային կողմնորոշումով ձեռնարկությունների համար»,-նշել է նա:
Նա նշել է, որ վարկային միջոցները տրամադրվում են բացառապես հայկական դրամով, տոկոսադրույքները տատանվում են` 12.5-ից 15%-ով, ինչը ցածր է բանկերի տոկոսադրույքներից: Իսկ վարկավորման առավելագույն ծավալը կազմում է 300 մլն.դրամ, մարման ժամկետը` 5 տարի: Կան արտոնություններ արտահանումային կողմնորոշումով ձեռնարկությունների համար, որոնց վարկերը 2 տարով սուբսիդավորվում են (3%-ի չափով) Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից: Միևնույն ժամանակ, գրավի առարկայի բացակայության պայմաններում ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնը տրամադրում է վարկային երաշխիքներ (մինչև 70%), 5 տարի մարման ժամկետով:
Ըստ Աղալովյանի, այսօր ընկերությունն ունի 250 գործող վարկ, որոնց մեծ մասն ընկնում է վերամշակող արդյունաբերության ձեռնարկություններին:
Նշենք, որ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունն իր գործունեությունը ծավալել է 2009 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թիվ 28 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ին ընդունված 717-Ա որոշմամբ սահմանված "Տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի" շրջանակներում և նպատակ ունի աջակցել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Նշենք, որ Made in Armenia ցուցահանդեսը կընթանա սեպտեմբերի 19-ից 22-ը։ Իրենց ապրանքները կներկայացնեն Հայաստանի սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, հանքարդյունաբերության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների ընկերությունները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կազմած`Հայաստանի վարկային կազմակերպությունների ռենկինգի, 2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ «ՓՄՁ ներդրումներ» ակտիվները կազմել են 12,2 մլրդ. դրամ, տարեկան աճը`15.4%: Դրանց կառուցվածքում վարկային պորտֆելի բաժինը կազմել է 78% կամ 9.5 մլրդ. դրամ (տարեկան աճը`52%): 2016 թվականի I կիսամյակն ընկերությունը եզրափակել է 123.5 մլն. դրամ շահույթով, տարեկան անկումը` 46%: Իր ակտիվներով և վարկային պորտֆելով «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ն գտնվում է Հայաստանի ունիվերսալ վարկային կազմակերպությունների լավագույն տասնյակում: