Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական տուրքերի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների մասին օրինագիծը, որի ընդունման դեպքում իրական օժանդակոթյուն կցուցաբերվի ներմուծման քաղաքականությանը: Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժ/պ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, նախարարությունը ներմուծման քաղաքականության շրջանակներում առաջարկում է սահմանափակումներ մտցնել չմաշկված կաշվի արտահանման վրա: Այս նախաձեռնությունը, ըստ Մինասյանի, կարող է իրական հնարավորություն ստեղծել թեթև արդյունաբերության զարգացմանը, մասնավորապես, կոշիկի և հագուստի արտադրությանը:
Ուսումնասիրության փուլում է գտնվում նաև այլ երկրներից, մասնավորապես, Թուրքիայից, ապրանքների ներմուծման ոչ սակագնային սահմանափակումների քաղաքականության իրականացման հարցերը: Քննարկումների արդյունքում, պարզաբանել է նա, պետք է մշակվի մի փաստաթուղթ, որը կսահմանի այն ապրանքների ցանկը, որոնցով երկիրը կարող է ապահովել նաև տեղական արտադրողը, դրանով նպաստելով ներմուծման փոխարինման քաղաքականության արդյունավետ իրականացմանը:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների, ներկայումս մոտ 700 անուն ապրանքներ Հայաստան են ներմուծվում Թուրքիայից: Այդ ցանկից առաջին փուլում կընտրվեն 50 ապրանքներ, որոնք հումքային չեն, սոցիալապես զգայուն չեն, և որոնց անալոգները կարող են արտադրվել նաև Հայաստանում: Այդ ուղղությամբ նախարարությունն արդեն խորհրդակցություններ է ունեցել շահագրգիռ անձանց հետ: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Արծվիկ Մինասյանը, ինքն անարդյունավետ է համարում նաև ուղղակի արգելման և սակագնային քաղաքականության կիրառումը, քանի որ, նրա խոսքով, այդ դեպքում այդ նույն ապրանքերը հեշտությամբ կմտնեն ԵԱՀԿ երկրների շուկաներ, իսկ այնտեղից` Հայաստան, առանց լրացուցչ մաքսային տուրքերի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարութան շենքի մոտ, կոչ անելով արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան: Մասնավորապես, կոչեր էին հնչեցվել նպաստել սեփական արտադրության զարգացմանը, ինչի համար հարկավոր է հարկերից ժամանակավորապես ազատել փոքր բիզնեսը: