Արմինֆո. Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 20-ի նիստում լրացումներ և փոփոխություններ կատարել է «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից,
դեռևս 2015 թ. սկզբից Կենտրոնական բանկը հետևողականորեն իրականացնում է բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը խրախուսող քաղաքականություն: Նշված քաղաքականության շրջանակում ընդլայնվել է միջազգային կազմակերպությունների ցանկը, որոնցից ներգրավված միջոցները ենթակա են պարտադիր պահուստավորման նվազեցված դրույքաչափերով, ինչպես նաև խթանվել է տեղական բորսաներում թողարկված պարտատոմսերով երկարաժամկետ միջոցների ներգրավումը:
Մեղմացվել է նաև արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը. դրույքաչափը նվազեցվել է 20%-ից 18%, ինչպես նաև մեծացել է բանկերի կողմից արտարժույթով պարտադիր պահուստավորման իրականացման ճկունությունը (Կենտրոնական բանկում պահուստավորման ենթակա միջոցների կարգավորման երկշաբաթյա ժամկետը երկարաձգվել է մինչև 28-35 օր):
Պարտադիր պահուստավորման չափի մեղմացումը բանկերի համար առավել արտոնյալ պայմաններ կստեղծի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ ներգրավելիս, ինչն իր հերթին կընդլայնի վարկավորման հնարավորությունները, ինչպես նաև թույլ կտա թողարկել պարտատոմսեր` միջազգային բորսաներում լիսթինգի անցկացմամբ: Բանկերի պարտատոմսերը տեղաբաշխելիս արտարժութային և դրամային ներգրավումների պարտադիր պահուստավորման նվազագույն չափը Կենտրոնական բանկը սահմանել է 0%:
Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 17-ին դրամի կտրուկ արժեզրկման ֆոնին ԿԲ-ն խստացրել է արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը` 12%-ից բարձրացնելով մինչև 24%: Սակայն նույն տարվա դեկտեմբերի 23-ին ԿԲ-ն, այնուամենայնիվ, նվազեցրել էր այդ նորմատիվը` մինչև 20%, ընդ որում բանկերը «պահուստային» միջոցները տեղաբաշխում են ԿԲ-ում` ամբողջովին դրամով:
Նշենք, որ Հայաստանի բանկերից կորպորատիվ պարտատոմսեր թողարկում են Արարատբանկը, Արդշինբանկը, «Պրոմեթեյ» բանկը, Արմսվիսբանկը, Ամերիաբանկը և Յունիբանկը: Թվարկված բանկերից NASDAQ OMX ARMENIA բորսայում արժեքորոշվում են Արարատբանկի, Ամերիաբանկի, Յունիբանկի և Արմսվիսբանկի պարտատոմսերը: Ընդ որում, տեղական բորսայում արժեքորոշվում են Արարատբանկի չորս դոլարային թողարկումներ (ARBKB2А, ARBKB2В, ARBKB8, ARBKB9) և մեկ դրամային թողարկում (ARBKB2С), Ամերիաբանկի և Յունիբանկի մեկական դոլարային թողարկում (AMRBB1 և UNIBB1` համապատասխանաբար), Արմսվիսբանկի երեք դոլարային թողարկում (SWISB1, SWISB2, SWISB3): Արդշինբանկը և «Պրոմեթեյ» բանկը գերադասել են իրենց դոլարային պարտատոմսերը դուրս բրել միջազգային բորսաներ: Մասնավորապես, Արդշինբանկն իր առաջին դոլարային թողարկումը հանել է Վիեննայի բորսա, որտեղ հաջող դեբյուտը ոգեշնչել է պարտատոմսերի երկրորդ, ավելի ծավալուն թողարկման` արդեն իռլանդական բորսայում: