Արմինֆո. «Սուպերդրույք» ծառայության շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հուսալի վարկառուներին արդեն վերադարձրել է 20 մլն.դրամ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ-հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղեկավար Իվան Տելեգինը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
Նա պարզաբանել է, որ միջոցների վերադարձը կատարվել է նախկինում գործող 10% վճարների համար, քանի որ սահմանված 20% նոր շեմը գործարկվել է մոտ կես տարի առաջ, իսկ վարկային վճարների նվազագույն ժամկետը «Սուպերդրույք» ծառայության համար, ըստ Տելեգինի, կազմում է առնվազն 6 ամիս: «Բանկի ավելի քան 5 հազար հաճախորդ, դառնալով «Սուպերդրույք» ակցիայի մասնակից, ետ է ստացել վճարված տոկոսների մի մասը, շնորհիվ այն բանի, որ նրանց վարկային պատմությունը բանկի համար եղել է հուսալի»,-եզրափակել է նա:
Նշենք, որ այս տարվա ապրիլին ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավեց «Սուպերդրույք» վարկավորման պայմանները, բարձրացնելով մինչև 20%, առնվազն 6 ամիսների կտրվածքով, բարեխղճորեն վարկառուների կողմից վարկի լրիվ մարումից հետո:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հիմնական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների շարքում: 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 41.2 մլրդ դրամ (5-րդ տեղ), ակտիվները` 278.3 մլրդ դրամ (4-րդ տեղ), վարկային ներդրումները`186,4 մլրդ դրամ (5-րդ տեղ), ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները` 92 մլրդ դրամ (4-րդ տեղ), իրավաբանական անձանց ցպահանջ պարտավորությունները`39.7 մլրդ դրամ (3-րդ տեղ): Կորպորատիվ վարկավորման գծով բանկն զբաղեցնում է հինգերորդ տեղը`107,4 մլրդ դրամ է, իսկ մանրածախի գծով`3-րդ տեղը - 78.8 մլրդ դրամ: Իր մասնաճյուղերի ցանցով ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է շուկայի անվիճելի առաջատարը`67 մասնաճյուղ, իր ներկայությունն ապահովելով երկրի բոլոր մարզերում: ՎՏԲ-Հայաստան ՓԲԸ-ն միջազգային ՎՏԲ Ֆինանսական Խմբի մասնակից է դարձել 2004 թվականի ապրիլին: