Արմինֆո. 2016 թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է միջազգային զբոսաշրջային այցերի 2,5% աճ, ներքին զբոսաշրջության աճը կազմել է շուրջ 20,8%, հոկտեմբերի 3-ին Երևանում ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանի շրջանակներում լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Փոխնախարարի խոսքով, զբոսաշրջության ոլորտը կայուն զարգացում է ապրում Հայաստանում: Վերջին 5 տարում դեպի Հայաստան միջազգային զբոսաշրջային այցելությունների աճը կազմել է տարեկան 9% : 2015 թ. տվյալների համաձայն, Հայաստան է այցելել շուրջ 1,2 մլն զբոսաշրջիկ:
Դինամիկ զարգացում է ապրում նաև ներքին զբոսաշրջությունը՝ 5 տարվա ընթացքում կազմելով միջինը 14,5%, ինչին, փոխնախարարի խոսքով, զգալիորեն նպաստել է սոցիալական փաթեթների ներդնումը:
Ոլորտում նման դինամիկան պետք է ընթանա ենթակառուցվածքի զարգացմանը զուգահեռ, նշել է Մելքոնյանը: Ինչպես նշել է փոխնախարարը, վերջին հինգ տարում կառուցվել է ավելի քան 20 հյուրանոց, ոլորտի շուրջ 100 այլ սուբյեկտ, ընդհանուր առմամբ ստեղծվել է տասը հազար մահճակալ: Միաժամանակ փոխնախարարը հույս է հայտնել, որ ոլորտի զարգացումը կշարունակվի ավելի ինտենսիվ տեմպերով:
Նշենք, որ հոկտեմբերի 3-ին Երևանում մեկնարկել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի գլխավորած պատվիրակությունը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության տվյալների համաձայն, 2016 թվականի առաջին կիսկամյակում արդեն Հայաստան է այցելել ավելի քան 501 հազար զբոսաշրջիկ, ինչը 2,4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նախորդ տարվա համեմատ աճել է նաև արտագնա զբոսաշրջության ցուցանիշը: Այսպես, վեց ամսում արտասահման է մեկնել Հայաստանի 470 հազար բնակիչ, ինչը 1,2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: