Արմինֆո. Կոնվերս Բանկը վերսկսել է ուսանողական վարկերի տրամադրումը առավել բարելավված պայմաններով՝ առաջարկելով երկու տեսակի վարկատեսակներ՝ «Իմ ապագան» և «Էքսպրես»։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից, դրանցից առաջինը՝ «Իմ ապագան» հայաստանյան շուկայում եզակի վարկատեսակ է, որը հնարավորություն է ընձեռում պլանավորել ուսման ընթացքը և վարկավորում ստանալ միանգամից ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար: Վարկեր տրամադրվում են առավելագույնը 4 մլն դրամի չափով և 4 տարի ժամկետով: Գումարը փոխանցվում է համապատասխան ուսումնական հաստատության հաշվին՝ կիսամյակային կտրվածքով։
Ըստ աղբյուրի, «Էքսպրես» վարկը՝ սպասարկման համեմատաբար ցածր վճարի, ինչպես նաև խրախուսման այլ եղանակների կիրառման շնորհիվ, Հայաստանում ամենամատչելի ուսանողական վարկերից է։ Այն տրամադրվում է առավելագույնը 18 ամիս ժամկետով՝ 17-19 տոկոս տարեկան դրույքաչափով։ Վարկի գումարը չի կարող գերազանցել 1մլն. դրամը։
Կոնվերս Բանկը շարունակում է ակտիվ վարկավորում իրականացնել նաև գործող Պետական ուսանողական վարկային ծրագրի շրջանակում:
Ուսանողական և Էքսպրես վարկերից օգտվողներին տրամադրվում է VISA ISIC (www.isic.am) համատեղ դեբետային քարտ՝ անվճար, սպասարկման 24 ամիս արտոնյալ ժամկետով: Քարտը հնարավորություն է տալիս միանալով համաշխարհային ուսանողական ցանցին՝ Հայաստանում և գործընկեր 130 պետություններում արտոնյալ պայմաններով օգտվել ավելի քան 40000 կազմակերպությունների, այդ թվում թանգարանների, թատրոնների, խանութ֊-սրահների, տուրիստական գործակալությունների, ուսումնական հաստատությունների ծառայություններից, մասնակցել Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող «Եվրոպական կամավորական ծառայությունների ծրագրին և այլն:
Նշենք, որ «Կոնվերս բանկը» հիմնադրվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` «Advanced Global Investments» ՍՊԸ (95%) և Հայ Առաքելական եկեղեցին (5%): Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում են Երևանում, 20-ը` ՀՀ մարզերում և 1-ը ԼՂՀ-ում: Կոնվերս Բանկի ընդհանուր կապիտալը 2016 թվականի հուլիսի 1-ին կազմել է 22 մլրդ դրամ ($ 46 մլն), ակտիվները`150.8 մլրդ դրամ ($ 316.4 մլն), վարկային ներդրումները` 94 մլրդ դրամ ($ 197 մլն), պարտավորությունները`129 մլրդ դրամ ($ 270,6 մլն): Բանի վարկային պորտֆելու ֆիզիկական անձանց վարկավորումը կազմում է ավելի քան 52% կամ 49 մլրդ.դրամ (գտնվում է լավագույնների տասնյակում): Առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթն ավելացել է 29.4%, մինչև 978.6 մլն դրամ կամ $ 2.1 մլն, իսկ միայն 2-րդ եռամասյակում շահույթն ավելացել է մոտ 6 անգամ: Բանկի եկամուտները վարկավորումից առաջին կիսամյակում հասնում են մոտ 6 մլրդ.դրամի, ընդ որում, ընդհանուր եկամուտներում 71%, իսկ տոկոսային եկամուտներում` 87% մասնաբաժնով: