Արմինֆո. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլատ Խաթուովի հետ:
ՌԴ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ` Ջամբուլատ Խաթուովը շնորհավորել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք երկրի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները, այդ թվում` նաև Հայաստանում ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ այգիների զարգացման հարցը` տեղական պտուղ-բանջարեղենը դեպի ռուսաստանյան առևտրային ցանցեր արտահանելու հնարավորությամբ:
Հանդիպումը կազմակերպվել է «Ոսկե աշուն-2016» 18-րդ ռուսաստանյան ագրոարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով ՀՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել էր, որ գերատեսչության ղեկավար Իգնատի Առաքելյանը մտադիր է Ռուսաստանի մայրաքաղաքում բարձրացնել Հայաստանից ՌԴ խաղողի հումքի վրա ոգելից խմիչքների արտահանման հարցը: Այցի շրջանակում նախատեսվում են Իգնատի Առաքելյանի հանդիպումներ ՌԴ ներմուծող և առևտրային ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրի շրջանառության տարեկան դինամիկան հասել է դրական 11,6%-ի նախորդ տարվա բացասական 12,5%-ի համեմատ` կազմելով 803.6 մլն դոլար: Ռուսաստանը պահպանում է առաջատարությունը ոչ մաիայն այդ ցուցանիշի, այլև արտահանման և ներմուծման գծով` համապատասխանաբար 223.3 մլն և 580.3 մլն դոլար, տարեկան դինամիկայի կտրուկ բարելավմամբ` առաջինը 30% անկումից 62,1% աճի և երկրորդի անկման 7,7%-ից մինչև 0,4% դանդաղման:
Ինչպես վկայում են Հայաստանի մաքսային ծառայության տվյալները, Հայաստանից գինու արտահանումը ռուսական շուկա 2016 թվականի առաջին կիսամյակում 20,5% ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` հասնելով 604,2 հազար լիտրի: 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստան արտահանված հայկական գինու մաքսային արժեքը կազմել է 1,8 մլն դոլար` 2015 թվականի նույն ժամանակահատվածի 1,2 մլն դոլարի դիմաց: Ընդհանուր առմամբ, 2016 թվականի առաջին կիսամյակում արտահանված հայկական գինու ընդհանուր ծավալը 2015 թվականի առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 24,7%-ով, մինչև 779,9 հազար լիտր, իսկ առնվազն 80%-անոց էթիլային սպիրտինը` 2,2 անգամ, մինչև 10 մլն լիտր: Միևնույն ժամանակ, ռուբլու փոխարժեքի տատանումների առնչությամբ Ռուսաստանի շուկայում ստեղծված բարդ իրավիճակի հետևանքով 2015 արձանագրվել է Հայաստանից գինիների արտահանման 31,5%-ով անկում` մինչև 1 451,6 հազար լիտր: