Արմինֆո. Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում իրացված խաղողի դիմաց պարտքերը մարվել են, հաղորդել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը` հոկտեմբերի 6-ին կառավարության նիստից հետո:
Մասնավորապես, Մակարյանը հայտարարել է, որ «Վեդի Ալկո» ընկերությունն արդեն 130 մլն դրամ վճարել է: Նրա ասելով, ընկերության սեփականատերն այսօր առավոտյան հավաստիացրել է, որ մնացել են մի քանի ֆերմերների չվճարված գումարներ, որոնք կմարվեն մինչև շաբաթվա վերջը: Ինչ վերաբերում է այն բանին, թե պատքերի հարցն ինչպես է լուծվել, քանի որ ավելի վաղ ընկերությունում հայտարարել էին, թե չվճարումների պատճառը միջոցների բացակայությունն է, Գյուղատնտեսության ներկայացուցիչը հայտարարել է. «Նրանք սպիրտ ունեին, որը վաճառել են և մարել պարտքերը»:
Ինչպես հայտարարել է Մակարյանը, առաջիկայում խաղողի մթերման գործընթացին առնչվող բոլոր հարցերը կլուծվեն համակարգային մոտեցման շրջանակում, որը կներկայացվի հասարակայնությանը: Աղավնաձորի խաղողագործների պարագայում, ինչպես նշել է փոխնախարարը, համաձայնություն է ձեռք բերվել մթերող ձեռնարկությունների հետ: Գյուղացիներին մնում է միայն բանակցություններ վարել գնի շուրջ, նշել է նա: «Դա նշանակում է, որ այս տարի մթերումներին առնչվող խնդիրներ չեն լինի», - հավաստիացրել է Մակարյանը:
Նրա ասելով, տվյալ փուլում հանրապետության տարածքում արդեն գնվել է 90 հազար տոննա խաղող: Գործընթացը կշարունակվի և, ըստ փոխնախարարի, խոչընդոտներ չեն լինի, քանի որ այլ ձեռնարկությունների հետ պայմանավորվածության համաձայն, կգնվեն նաև ավելցուկները` ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների շրջանակից դուրս: «Կձգտենք ամենասեղմ ժամկետներում ապահովել հանձնված բերքի դիմաց վճարումները», - հայտարարել է նա:
Անդրադառնալով այն դիտողությանը, թե ինչն է այսօր փոխվել, որը թույլ է տվել լուծել վճարումներին առնչվող խնդիրները, և որը պակասում էր նախկինում` նախորդ կառավարությունում, փոխնախարարը հայտարարել է, որ փոխվել է ֆինանսական իրավիճակը վերամշակող ձեռնարկություններում: «Նրանց առաջարկվել են լուծումներ և մեխանիզմներ, որոնք շահավետ էին նրանց համար», - հայտարարել է Մակարյանը` խոստանալով շուտով բացահայտել առաջարկված մեխանիզմների մանրամասները: Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ այդ մեխանիզմը կարող է նախատեսել սուբսիդավորման արտոնյալ համակարգ, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի գծով ցածր տոկոսադրույք:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Աղավնաձորի բնակիչները փակել էին դպրոցի, մանկապարտեզի և գյուղապետարանի մուտքերը` իրենց բողոքը հայտնելով խաղողի վաճառքի դիմաց գումարների չվճարման դեմ: Գյուղի շուրջ 2000 բնակիչներն զբաղվում են, հիմնականում, «Արենի» տեսակի խաղողի արտադրությամբ: Սեպտեմբերի 29-ի դրությամբ, ինչպես հայտարարել է գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, մթերող ձեռնարկությունները ֆերմերներին պարտք էին շուրջ 809 մլն դրամ: