Արմինֆո. 2016թ.-ի սեպտեմբերի 19-20-ին Կոնվերս Բանկի պատվիրակությունը մասնակցել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի խթանման ծրագրի միջազգային գործարար համաժողովին Ֆրանկֆուրտում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ՎԶԵԲ-ի Առևտրի ֆինանսավորման ամենամյա գործարար համաժողովում Կոնվերս Բանկը հանդես է եկել ոչ միայն որպես ակտիվ մասնակից, այլև միջոցառման հովանավոր:
Աղբյուրի համաձայն, ներկայացուցչական այս գործարար համաժողովի ավելի քան 180 մասնակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի մասնակից երկրներում առևտրի ֆինանսավորման զարգացման վերջին միտումները և զարգացման հեռանկարները՝ ֆինանսական շուկաների անկայունության պայմաններում, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պահանջներին համահունչ միասնական տեղեկատվական հարթակ ստեղծելու հնարավորությունը: Կարևորվել է նաև առևտրի ֆինանսավորման զարգացման վրա նոր «Մետաքսի ճանապարհ» նախագծի ազդեցությունը:
Նշենք, որ ՎԶԵԲ-ը 2015 թվականին ֆինանսավորել է 14 ծրագիր, 140 մլն.դոլար ըընդհանուր գումարով, ինչը ռեկորդային գումար է Հայաստանում Բանկի գործունեության 24 տարիների ընթացքում: Այդ աննախադեպ մակարդակը հստակ վկայում է երկրի ներդրումային հնարավորությունների, ինչպես նաև ՎԶԵԲ ներդրումների պահանջարկի մասին: Բանկի աջակցությունը Հայաստանի տնտեսությանը թույլ է տվել դիմակայել տարածաշրջանային ճգնաժամի բացասական ազդեցություններին: Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր`1992 թվականից, ՎԶԵԲ-ը ներդրել է 1.13 մլրդ.դոլար, իրականացնելով 148 ծրագիր, այդ թվում`ֆինանսների, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում: Ընդ որում, իրականացված ներդրումների 88% ուղղվել է մասնավոր հատվածին: Հատկանշական է, որ ՎԶԵԲ առևտրի ֆինանսավորման գծով Հայաստանը հանդես է գալիս որպես ակտիվ մասնակից, ընդհանուր հաշվով ստանալով 48 մլն.դոլար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Կոնվերս Բանկի ակտիվների 2016 թվականի հուլիսի 1-ին կազմել են 150,8 մլրդ դրամ ($316.4 մլն), որից ավելի քան 62%-ը բաժին է ընկել վարկային ներդրումներին - 94 մլրդ դրամ ($ 197 մլն): Բանկի վարկային պորտֆելի կառուցվածքում մոտ 42% են կազմել տնտեսությանն ուղղված վարկերը: Ըստ ոլորտների, բանկի վարկային ներդրումներում գերակշռում են` ՓՄՁ ոլորտը - 14%, առևտրի ոլորտը - 10%, արդյունաբերությունը - ավելի քան 7%, շինարարության ոլորտը - մոտ 6% և գյուղատնտեսության ոլորտը - ավելի քան 4%: 2016 թվականի առաջին կիսամյակում Բանկի զուտ շահույթն ավելացրել է 29,4%, մինչև 978.6 մլն դրամ կամ $ 2.1 մլն, իսկ միայն երկրորդ եռամսյակում շահույթը մեծացել է մոտ 6 անգամ: «Կոնվերս բանկը» հիմնադրվել է 1993 թ-ին: Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments LLC (Էդուարդո Էռնեկյան) - 95% և Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը – 5%: Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում է Երեւանում, 20-ը մարզերում, իսկ մեկը` Ղարաբաղում: