Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2016 18:21
Ալինա Հովհաննիսյան

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հոկտեմբերի 17-ին ձեռնամուխ կլինի 13-րդ  թողարկման դոլարային պարտատոմսերի տեղաբաշխմանը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հոկտեմբերի 17-ին ձեռնամուխ կլինի 13-րդ  թողարկման դոլարային պարտատոմսերի տեղաբաշխմանը

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հոկտեմբերի 17-ից կսկսի 13-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը, որի ծավալը կկազմի 1 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ընդհանուր ծավալով թողարկվել է 40.000 հատ  անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 6,50 տոկոս տարեկան տոկոսադրույքով  և 3 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի բաժանորդագրությունը  կիրականացվի  հոկտեմբերի 17-ից մինչև  28-ն ընկած ժամանակահատվածում: Արժեկտրոնային վճարները կիրականացվեն ամեն եռամսյակը մեկ անգամ:

Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսերի գնման համար կարող է դիմել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Աղբյուրի համաձայն, պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի արտարժութային պարտատոմսերով առքուվաճառք իրականացնելուց բացի, կնքել ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն  եռամսյակը մեկ անգամ։ 

Աղբյուրը նշում է նաև, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է և միայն 2016 թվականին արդեն իսկ իրականացել  էր 2 թողարկում, որոնցից մեկը դրամային, իսկ մյուսը դոլարային արժույթով:

Հիշեցնենք, որ 2007 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առաջին անգամ կորպորատիվ պարտատոմսերի շուկա էր դուրս եկել 250 մլն դրամ ծավալով: Առաջին թողարկման տարեկան տարեկան եկամտաբերությունը կազմեց 8%, շրջանառության ժամկետը`1 տարի: Երկրորդ թողարկման շրջանակներում թողարկման ծավալը կազմեց 400 մլն դրամ, տարեկան եկամտաբերությունը` 9%, շրջանառության ժամկետը` 1.5 տարի: Երրորդ թողարկման ծավալը կազմեց 250 մլն դրամ, տարեկան եկամտաբերությունը` 10%, շրջանառության ժամկետը` 1.5 տարի: 2011-ին տեղի ունեցած չորրորդ թողարկման ծավալը կազմեց 250 մլն դրամ, եկամտաբերությունը` 12%: Հինգերորդ թողարկումն արտարժույթով էր (2012 թ.), որի ծավալը կազմեց 1 մլն դոլար, եկամտաբերությունը`9%: Վեցերորդ թողարկումը (2013), բանկը թողարկեց արտարժույթով, $ 1 մլն.ծավալով, 3 տարի ժամկետով, եկամտաբերությունը` 8.5%: Յոթերորդ թողարկումը (2013), թողարկվեց 400 մլն դրամ ծավալով, շրջանառության ժամկետը` 3 տարի, տարեկան եկամտաբերությունը`13%: Ութերորդ թողարկումն արտարժութային էր, ծավալը` $ 1 մլն, շրջանառության ժամկետը` 4 տարի, եկամտաբերությունը` 8%: Բանկի 9-րդ թողարկումը կազմված էր 2 մլն.դոլար ծավալով արտարժութային արժեկտրոնային պարտատոմսերից, 3 տարի շրջանառության ժամկետով: 10-րդ թողարկումը (2015) կազմված էր 2 մլն.դոլար ծավալով արտարժութային արժեկտրոնային պարտատոմսերից, 2 տարի շրջանառության ժամկետով: Տասնմեկերորդ էմիսիայի շրջանակներում (2016թ.) բանկը թողարկեց 1 մլն.դոլար ծավալով, 7% տարեկան եկամտաբերությամբ և 3 տարի շրջանառությամբ դոլարային պարտատոմսեր: Ներկայումս բորսայում շրջանառվում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կորպորատիվ պարտատոմսերի հինգ թողարկումները` մեկ դրամային - ARBKB7 (2013թ., 400 մլն դրամ), և չորս դոլարային թողարկումները - ARBKB8 (2014թ., 1 մլն դոլար), ARBKB9 (2015 թ., 2 մլն.դոլար), ARBKB2A (2015 թ., 2 մլն.դոլար), ARBKB2V (2016 թ., 1 մլն.դոլար), որոնք նշված բորսայական Bbond ցուցակում:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, Արարատբանկի ակտիվները 2016 թ. հուլիսի 1-ին կազմել են 135.7 մլրդ.դրամ, որոնց կառուցվածքում արժեթղթերին ուղղված ներդրումները կազմել են ավելի քան 12% կամ 16.8 մլրդ.դրամ: Բանկի զուտ շահույթը 2016 թվականի առաջին կիսամյակում կազմել է 326.3 մլն. դրամ: Ըստ վերջին տվյալների, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մեծամասնական բաժնետերերն են` «Ֆլեշ» (նախագահ` Բարսեղ Բեգլարյան) ընկերությունը` 64.24%, ՎԶԵԲ-ը`25%+1 բաժնետոմս և բելգիական Rural Impulse Fund II-ը`10%: (ՀՀ դրամի փոխարժեքը 30.06.2016 թվականի դրությամբ կազմել է 476.68 դրամ/դոլար):