Արմինֆո. Էներգետիկ անվտանգությունը հանդիսանում է երկրի ընդհանուր անվտանգությնա մասը: Նման կարծիքի է սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:
energyclub.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ վերականգնող էներգետիկան չի կարող 100%-ով ապահովել երկրի անվտանգությունը: Դրա համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ, ինչպես նաև ատմոակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար, ընդ որում`գրեթե երկրի բյուջեին հավասար ներդրումներ: «Հաշվի առնելով նման միջոցների բացակայությունը, ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումն ակնհայտ անհրաժեշտություն է»,-նշել է նա: Ըստ Չիլինգարյանի, Հայաստանը հարուստ չէ էներգետիկ պաշարներով: «Մենք չունենք գազ, ՋԷԿ-երը չեն կարող լիակատար ծավալով ապահովել երկրի արդյունավետ էներգամատակարարումը: Էներգամատակարարման միակ կայուն աղբյուրն ատոմայկայանն է: Բացի այդ, մեր ԱԷԿ-ի միջոցով կարող ենք էներգամատակարարումով ապահովել նաև հարևան երկրներին`Վրաստանին և Իրանին, ինչը դրականորեն կանրադառնա երկրի տնտեսության վրա»,-նշել է փորձագետը:
Նա կոչ է արել նաև չմոռանալ Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի աղետները, մշտապես աշխատել Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության վրա, որի բավարար անվտանգության մասին են վկայում Եվրահանձնաժողովի կողմից իրականացված սթրես-թեստերը, որոնց արդյունքները վերջերս հրապարակվեցին: «Ըստ իրականացված հետազոտության, Հայկական ԱԷԿ-ն ամբողջովին համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին, ինչը դրականորեն կանդրադառնա կայանի հետագա շահագործման վրա»,-նշել է փորձագետը, հավելելով նաև ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման կարևորությունը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին ՀՀ կառավարությունն ընդունեց Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին որոշում, կապված նոր էներգաբլոկի կառուցման ժամկետների երկարաձգման հետ: ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի 10 տարով, մինչև 2026 թվականը: Այդ նպատակով Ռուսաստանը հատկացրել է 270 մլն.դոլար և 30 մլն.դոլարի դրամաշնորհ: Աշխատանքները կավարտվեն 2019 թվականին, որոնք կիրականացնի «Ռուսատոմ սերվիս» ընմկերությունը: Նշենք, որ Հայկական ատոմակայանը շահագործման է հանձնվել 1980 թվականին և կանգնեցվել 1989 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո: Այնուհետև այն վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին, էներգետիկ սուր ճգնաժամի պատճառով: Ատոմակայանի երկու էներգաբլոկները հագեցված են առաջին սերնդի ռուսական արտադրության ВВЭР-440 մակնիշի ռեակտորով: