Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ներկայացնելով համակարգի հետագա գործունեության հիմնական առաջնահերթությունները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՊԵԿ մամուլի ծառայությունից, նորանշանակ ղեկավարը կարևորել է օրինապահ տնտեսվարողների, հատկապես՝ փոքր և միջին բիզնեսի համար գործունեության փափուկ դաշտ ապահովելը. «Օրենքի դաշտում գործողները չպետք է զգան հարկային ծառայության ներկայությունը։ Հսկողության լայն գործիքակազմը սպառելուց հետո միայն կարելի է թիրախավորված ստուգում անցկացնել ՓՄՁ-ներում, այն էլ՝ հստակ չափորոշիչներով ռիսկայնությունը հիմնավորելով»։
Կոմիտեի նախագահն ընդգծել է հարկ վճարող-հարկային ծառայող փոխհարաբերությունները գործընկերային դաշտ տեղափոխելու անհրաժեշտությունը։ Նա հորդորել է կոմիտեի աշխատակիցներին հարկ վճարողներին վերաբերվել որպես երկրի համար տնտեսական բարիք ստեղծողների՝ ի շահ պետության և բյուջեի եկամուտների ապահովման. «Պետք է բացառել կանխավճարների կուտակումը, որը լրացուցիչ բեռ է պետբյուջեի համար: Փոխարենը պետք է բացահայտել, հիմնավորել և պետբյուջե վերականգնել առկա, բայց թաքցված հարկային պոտենցիալը»։ Գործընթացի հիմքում առաջնահերթ դրվելու են իրազեկման, բացատրական և նախազգուշացման աշխատանքները։ Բոլոր միջոցները սպառելուց հետո է միայն հարկային ծառայությունը դիմելու համարժեք քայլերի։
Կոմիտեի ջանքերն ուղղվելու են ստվերային շրջանառությունը սպիտակ դաշտ բերելուն։ Վարդան Հարությունյանը հանձնարարել է հարկային տեսչությունների ղեկավարներին ամենօրյա ռեժիմով ուսումնասիրել և գնահատել իրենց տարածքում գործող ձեռնարկությունների շրջանում առկա ստվերը. «Պետք է վերհանել և բացառել հովանավորչությունը։ Անկախ բարեկամական կապերից, զբաղեցրած դիրքից՝ բոլոր տնտեսվարողները պետք է գործեն հավասար դաշտում»։
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի բյուջեի դեֆիցիտը 2016 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 131 մլրդ դրամ ($ 272 մլն), տարեկան կտրվածքով աճելով 35,1%, նախորդ տարվա 18 անգամ իջեցման համեմատ` պրոֆիցիտից - դեֆիցիտ: ՀՀ պետական բյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով նվազել են 1% (նախորդ տարվա աճը`2%), մինչև 733.4 մլրդ. դրամ, իսկ ծախսերը դանդաղեցրել են վերընթաց միտումը`16,2% -ից մինչև 3,2%, կազմելով 864.4 մլրդ դրամ: Եկամուտների կառուցվածքում մաքսային տուրքերը նվազել են 15,1%, ավելացված արժեքի հարկերը`12.7%, բնապահպանական վճարները` 11,9%, խորացել է նաև եկամտային հարկի պակասորդը: Իսկ առավել զգալի աճ է արձանագրել է շրջանառության հարկի գծով` 32.5%, շահութահարկի գծով` 32.2%, թիրախային սոցիալական վճարների գծով` 23,5%, ակցիզային հարկի գծով` 16,6%: Բացի այդ, ավելի չափավոր ավելացել են եկամտահարկերը`6,4%, հաստատագրված վճարները`2%, ինչպես նաև մուտքերը պետական տուրքերից` 1.2%: