
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունն իրավաչափ չի համարում սպասվող դեֆոլտի մասին խոսակցությունները: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ՝ դեֆոլտ «բարեհունչ» անվան տակ:
ՙՄտահոգությունն այն է, որ գլոբալ տնտեսությունում արտաքին հատվածից ներթափանցող բացասական շոկեր ունենք, որոնք տեղի են ունեցել 2014 թվականից: Ապագային նայելով, բնականաբար, պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մտցնենք հարկաբյուջետային կայունություն: Դա նշանակում է, որ պարտքի աճի տեմպերն աստիճանաբար պետք է մեղմվեն: Դեֆոլտի մասով՝ չեմ կարծում, որ այս պահին իրավաչափ է խոսենք, որ վտանգված ենք՚,- ասել է նախարարը:
Ավելի վաղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ: «Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով`ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»,- նշել էր Տեր-Պետրոսյանը:
ՀՀ Կենտրոնական բանկն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: «Դեֆոլտը, տվյալ դեպքում, նշանակում է պետության կողﬕց պարտքային պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման բացակայություն կամ թերացում: Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որևէ խոչընդոտի և ապագայում չի նշմարվում որևէ ռիսկ, որ ՀՀ-ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները: Ավելին, ակնառու են ﬕ շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին. պարտքի և արժութային շուկաների կայունությունը, վճարային հաշվեկշռի բարելավումը, ﬕջազգային պահուստների բավարար մակարդակը, ինչպես նաև արտաքին և ներքին շուկաներում պետական պարտատոմսերի շրջանառության ծավալների աճը և տոկոսադրույքների էական նվազումը»,-ասված է ՀՀ ԿԲ պատասխանում:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի արտաքին պարտքը 2016 թվականի վերջին կավելանա, ՀՆԱ-ի 43,7% -ից հասնելով մինչև 54,4%-ի: Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել էր նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով, միայն 2014- 2016 թվականներին Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է $ 900 մլն: Մինչև տարեվերջ կառավարության պարտքը կհասնի $ 4,4 մլրդ-ի, իսկ Կենտրոնական բանկի պարտքը`$ 532 մլն-ի: Արդյունքում, ընդհանուր արտաքին պարտքը կկազմի մոտ 5 մլրդ: Իսկ ներքին պարտքը, ըստ ֆինանսների նախարարի, դոլարով արտահայտված, տարեվերջին կհասնի $ 934 միլիոնի: «Ընդհանուր հաշվով ընդհանուր պարտքը մինչև տարեվերջ կհասնի $ 5,9 մլրդ-ի», - ասել է նախարարը: Արտաքին պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կկազմի մոտ 49%, իսկ ընդհանուր պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը`54.4%: