Արմինֆո. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի նոր կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության շրջանակներում բարեփոխումների իրականացմանը: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 20-ին Միջազգային տնտեսական կոնգրեսի ժամանակ, որի շրջանակներում փորձագիտական հանրության և երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները քննարկել են ՀՀ տնտեսության զարգացմանը խոչընդոտող գործոնները:
Նա նշել է, որ նոր կառավարության ռազմավարությունը նախատեսում է կառավարման գործընթացում եվրոպական մշակույթի ներդնում և ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, ինչը լիովին համապատասխանում է ԵՄ սկզբունքներին: Այս առումով Սվիտալսկին նշել է, որ այդ հարցի լուծման նպատակով հատուկ ուշադրություն պետք է դարձնել ՓՄԲ հատվածի և ներդրումային միջավայրի ուսումնասիրությանը: ՙԳերմանիայում գործարարների 60-70% ներգրավված է ՓՄԲ-ում, նույնը վերաբերում է ՀՆԱ կառուցվածքում վերջիններիս մասնաբաժնին: Իսկ Հայաստանն այդ չափորոշիչով զիջում է ոչ միայն Ուկրաինային և Մոլդովային, այլ արդեն Վրաստանին և Բելառուսին՝ մոտ 30% ցուցանիշով՚,- ասել է նա՝ այս առումով որպես հաջող օրինակ նշելով Գերմանիայում ՓՄԲ զարգացման մոդելը:
Ներդրումային միջավայրի բարելավման առնչությամբ Սվիտալսկին նշել է խոչընդոտող երևույթների բացառմանն ուղղված աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ նա նշել է ԼՂՀ-ում իրավիճակը, ինչը բացասաբար է անդրադառնում ՀՀ տնտեսությունում ներդերումների ներգրավման վրա: ՙԻրականում Հայաստանի ներդրումային ներուժը շատ ավելի մեծ է, քան այսօրվա թվերն են ցուց տալիս՚,- ասել է Սվիտալսկին:
Վկայակոչելով Եվրոպական բիզնես ասոցիացիայի անցկացրած հետազոտության արդյունքները՝ առաջադրված խնդիրների լուծման համար առաջնահերթ քննարկման ենթարկա հարցերի թվում նա առանձնացրել է մաքսային և հարկային օրենսդրությունը, մոնոպոլիաների դեմ պայքարը, պետական գնումների իրականացման գործընթացներում թափանցիկություն և դատական համակարգի անկախությունը: Այս առնչությամբ Սվիտալսկին հայտնել է, որ Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից մշակվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, որը շուտով կստորագրվի ՀՀ 14 բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ ԱրմԻնֆո-ին հարցազրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն ասել էր, որ 2016 թվականը ռեկորդային է Եվրամիության կողմից Հայաստանին ֆինանսականն օգնության առումով, քանի որ, սովորաբար, այդ գումարը կազմում է շուրջ 50 մլն եվրո, իսկ այս տարի այն կկրկնապատկվի: Իսկ փոքր և միջին ձեռներեցության զարգացման ուղղությամբ ԵՄ նախատեսում է 1 մլն եվրո ներդնել ընթացիկ տարում: Հայաստանի և ԵՄ միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2016 թ, հունվար-օգոստոսին հասել է $762.4 մլն-ի՝ 0.4% տարեկան աճով: Արտահանումը կազմել է $ 307.6 մլն՝ 13.8% տարեկան աճով՝ ներմուծման 7%, մինչև $454.8 մլն անկման դեպքում: