Արմինֆո. Հայաստանում փոքր ՀԷԿ-երի ոլորտում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել՝ գետերի ջրերի ծավալների նվազման պատճառով: Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Նրա խոսքով, ջրի ծավալները նվազում են շատ արագ, ինչի հետևանքով փոքր ՀԷԿ-երի սեփականատերերը, ովքեր վարկեր են ներգրավել առևտրային բանկերից, կարող են հայտնվել սնանկացման եզրին: Այս խնդիրն էլ փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման պատճառ է դարձել: Փոխնախարարն ընդգծել է, որ ստեղծված խնդրի արագ լուծմանն ուղղված միջոցներ կձեռնարկվեն: Բացի այդ, կան էկոլոգիական բնույթի խնդիրներ՝ կապված հիշյալ ջրամբարներում էկոլոգիական համակարգերի վատթարացման հետ:
Նշենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը
հանձնարարել է Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ 15-օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առաջարկություններ:
ՙՄասնավորապես՝ 1. 2009 թ. հունվարի 22-ին ՀՀ կառավարության նիստի համար 3 արձանագրային որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայի վերանայում: 2. Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր ՀԷԿ-երի կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ:
3. Բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմների կիրառման առումով պետք է հասկանանք՝ սակագնային քաղաքականությունն այդ ոլորտում ոնց է լինելու:
Ինչին է վերաբերում այս հանձնարարականը, կարծում եմ՝ հասկանալի է: Համենայնդեպս, մենք ունենք արդեն բնապահպանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ ՀԷԿ-երի քանակն ավելի շատ է նախատեսված, քան երևի պետք էր: Կարծում եմ՝ այնտեղ կան լուծումներ՝ ջրօգտագործման հետ կապված թույլտվությունների սահմանափակում: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից ակնկալում ենք, որպեսզի իրենք այս հարցին մոտենան այնպես, որ էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան: Մենք ունենք գետային ավազաններ, որտեղ փոքր ՀԷԿ-երը խիտ են դասավորված, և այնտեղ ունենք խնդիրներ՚,- ասել է գործադիրի ղեկավարը: