Արմինֆո. Վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով՝ պայմանավորված թե´ Ռուսաստանի Դաշնության տնտեսական անկմամբ, թե´ պղնձի համաշխարհային գների էական նվազմամբ: Այս մասին հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, այս իրավիճակում տնտեսական աճ և կայունություն ապահովելու նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի արդյունքում անխուսափելի է եղել պետական պարտքի մակարդակի բարձրացումը:
«2017 թվականին կառավարությունն իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար, սակայն, քանի որ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով մենք գործում ենք սահմանափակումների ներքո, 2017 թվականի բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը»,- ասել է վարչապետը:
Նա նշել է, որ բյուջեն կազմելու հիմքում դրվել է տնտեսությունը չխեղդող, միևնույն ժամանակ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ: 2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոս աճի մակարդակ: Հաշվի առնելով ստեղծված տնտեսական միջավայրը, ինչպես նաև ընտրական տարում սպասվող տնտեսական պասիվությունը՝ նշված ցուցանիշին հասնելը մեզնից բավական ջանքեր կպահանջի: «Մենք վստահեցնում ենք, որ կանենք ամեն ինչ այդ մակարդակն ապահովելու համար»,-ասել է վարչապետը:
Վարչապետը նշել է, որ հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը պետք է լինի թափանցիկ և հրապարակային, հասկանալի՝ յուրաքանչյուր հարկատուի և հասարակության անդամի համար: «Մեր մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար»,-նշել է ՀՀ վարչապետը, հավելելով, որ 2017 թվականի պետական բյուջեն. հիմքում դրվել են 2016 թ. բազիսային տվյալները՝ դեֆիցիտի առկա մակարդակը, հաջորդ տարվա համար օրենքով դեֆիցիտի սահմանափակման ցուցանիշը, հաշվարկվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության և եկամուտների հնարավոր աճը: Վարչապետը նկատել է, որ մակրոտնտեսական ցուցանիշներից ելնելով՝ կան սահմանափակումներ, և հաշվի առնելով դրանք՝ 2017 թ. ծախսերի առումով մաքսիմալ կոշտ քաղաքականություն է որդեգրվել, որպեսզի չլինի դեֆիցիտի ավելի աճ, քան սահմանափակումներն են թելադրում: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշվի ու կարողանա վերարտադրվել, և այս մոտեցման նպատակը 2017 թ. ավելի աշխույժ տնտեսական իրավիճակ ստեղծելու համար նորմալ պլատֆորմ ձևավորելն է:
Նշենք, որ 2017 ֆինանսական տարում պետական բյուջեն ծախսերը նախատեսվում են 1 տրլն. 360 մլրդ դրամ, եկամուտները`1 տրլն. 210 մլրդ դրամ, դեֆիցիտը`150.1 մլրդ դրամ: Պետբյուջեի եկամտային մասի 93.8% -ը կկազմեն հարկերը և տուրքերը, իսկ 2.7% և 3.5% - պաշտոնական դրամաշնորհները և այլ եկամուտները: 2017 թվականին, հարկերի ու տուրքերի ընդհանուր գումարը նախատեսվում է 1 մլրդ. 135 մլրդ դրամ: Դրամաշնորհների գծով նախատեսվում է մոտ 31 մլրդ դրամ, մյուս մուտքերը`44,1 մլրդ դրամ: 2016 թվականի համեմատ սպասվում է եկամուտների մի փոքր աճ – մոտ 70 մլրդ դրամ, ինչպես նաև ծախսերի կրճատում 100 մլրդ դրամի չափով:
Ըստ Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեի, ծախսային մասը կազմում է 1 տրլն. 377 մլրդ դրամ (ծախսեր/ ՀՆԱ հարաբերակցությունը`25,3%), իսկ եկամուտները`1 տրլն. 186.3 մլրդ. դրամ (եկամուտներ / ՀՆԱ հարաբերակցությունը - 21,8%), դեֆիցիտը`197 մլրդ դրամ (պակասուրդ / ՀՆԱ հարաբերությունը`3,5%): ՀՀ պետական բյուջեով ՀՆԱ-ի իրական աճը նախատեսվում է 2,2%, ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը նախատեսվում է 4%, 12-ամսյա գնաճը`4% (+/- 1,5%), իսկ բյուջեի դեֆիցիտը` ՀՆԱ-ի 3, 5%-ը: